Բուհերը պետք է մտածեն միավորվելու մասին, ասել է նախարարը - Mediamax.am

7204 դիտում

Բուհերը պետք է մտածեն միավորվելու մասին, ասել է նախարարը


ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ասել է, որ «բուհերը պետք է մտածեն միավորվելու մասին»:

«Բուհերն իրենց բյուջեների մեծ մասը համալրում են ուսանողների վարձավճարների հաշվին, որն էլ իր հերթին ազդում է կրթության որակի վրա: Ոչ պետական բուհերի հետ կապված պետք է գույքագրենք՝ ինչպիսի բուհեր ունենք, որովհետեւ որքանով էլ որ դրանք մասնավոր են, սակայն անմիջական ազդեցություն ունեն կրթության որակի վրա»,- նշել է նախարարը ոչ պետական բուհերի ռեկտորների հետ քննարկման ժամանակ:

 

Նրա խոսքով՝ պետությունը չի կարող բարձիթողի վիճակ հանդուրժել ցանկացած ոլորտում, որը կարող է ազդել իր քաղաքականության վրա:

 

«Մենք չենք ցանկանում արտաքին միջամտություն իրականացնել, բայց նաեւ բուհերը ստեղծված իրավիճակում պետք է մտածեն իրենց ապագայի մասին եւ քննարկեն միավորումների հարցը, որպեսզի խնդիրը չհասնի լիցենզիաների համապատասխանեցմանը կամ բուհերի փակմանը»,- ասել է նախարարը:

 

Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ ոչ պետական բուհերից ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցել ընդամենը երկու ուսհաստատություն՝ կոչ անելով մյուսներին եւս անցնել այդ գործընթացը:

 

«Այս տարի բոլոր բուհերում դիմորդների թվի պակասը լրացուցիչ խնդիրներ է առաջացրել: Եթե կան առաջարկներ, թե ինչպես կարող է պետությունն աջակցել ձեզ այս հարցում, որպեսզի ավելի լավ արդյունքներ գրանցեք, պատրաստ ենք լսել դրանք: Բացի այդ, մեծ մտահոգություն կա՝ կապված բժշկական բուհերի հետ: Այս հարցում մենք չեք կարող թույլ տալ, որը խնդիրը հանգեցնի անդառնալի հետեւանքների՝ հաշվի առնելով այն երեւույթները, որոնք առկա են որոշ ոչ պետական բուհերում»,- նշել է նախարարը:

 

Արայիկ Հարությունյանն ընդգծել է՝ պետությունը շահագրգիռ է, որ ոչ պետական բուհերը կայանան եւ խթան հանդիսանան՝ մյուս բուհերի զարգացման եւ կրթության որակի բարձրացման համար:

 

«Իսկ պետական բուհերի հետ մրցակցել եւ համապատասխան արդյունքներ կարող են գրանցել միայն խոշոր ոչ պետական բուհերը»,- ամփոփել է նախարարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին