«Հայաստանի կյանքը դարձել է ամբողջ սփյուռքի օրակարգը» - Mediamax.am

7338 դիտում

«Հայաստանի կյանքը դարձել է ամբողջ սփյուռքի օրակարգը»


Լուսանկարը` ԿԳՆ


Երեւան: Մեդիամաքս: Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի է ունեցել սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացների ավարտին նվիրված միջոցառում:

Մասնակիցներին հավաստագրեր է հանձնել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

 

Իր ելույթում նախարարը նշել է, որ սփյուռքահայ ուսուցիչներն իրենց գիտելիքներով, փորձով եւ նվիրվածությամբ կերտում են հայ մարդուն եւ՛ հայրենիքում, եւ՛ սփյուռքում:

 

«Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի կատարելագործումը կարեւորագույն խնդիրներից է: Այն իրականացվում է 2000 թվականից, որի ընթացքում վերապատրաստվել է սփյուռքի 36 երկրի շուրջ 1500 ուսուցիչ:

 

Վերապատրաստումների արդյունքում որոշ համայնքներում ամբողջովին վերափոխվել են դասավանդման սկզբունքները եւ մեթոդները, որոնք նպաստել են կրթության որակի բարձրացմանը: Ակնհայտ ձեռքբերումների կողքին դեռեւս կան բազմաթիվ անելիքներ. վերապատրաստումները պետք է դառնան ավելի հասցեական՝ իրապես արտացոլելով սփյուռքի ուսուցիչների մասնագիտական պահանջները»,- նշել է նախարարը:

 

«Վստահ եմ, որ այն ոգեւորությունը, որ ներկայումս կա Հայաստանում, դուք էլ եք կիսում, թեպետ սփյուռքն այդ օրերին մեծ աջակցությունն է ցուցաբերել շարժմանը եւ ունեցել իր կարեւոր ներդրումը: Հուսով եմ, որ այն ինչ զգացել եք այս օրերին հայրենիքում կհասցնեք ձեր աշակերտներին եւ էլ ավելի նրանց կինտեգրեք ներհայաստանյան գործընթացներում: Թերեւս առաջին անգամ ՀՀ ներքաղաքական կյանքն իրավամբ դարձել է ամբողջ սփյուռքի օրակարգը, եւ սա ամենամեծ ձեռքբերումն է՝ մեր գաղթօջախների զարգացման եւ որ ամենակարեւորն է՝ հայրենադարձության ճանապարհին»,-ընդգծել է Արայիկ Հարությունյանը:

 

Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը պետական ամենամյա ծրագիր է, որն այս տարի իրականացրել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը:

 

Ծրագիրը, որի տեւողությունը մեկ ամիս է, գործում է 2000 թվականից: 2002 թվականից այն ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեից եւ մինչեւ 2009թ. տրամադրվող գումարի չափն աճել է այնպես, որ այժմ ՀՀ կառավարությունը հոգում է ուսուցիչների մեկամսյա կեցության եւ ուսումնական ծրագրերի հետ կապված բոլոր ծախսերը: Ճանապարհածախսը հոգում են ուսուցիչները կամ համապատասխան ուսումնական հաստատությունները: Դասընթացներն իրականացրել են Մանկավարժական համալսարանը եւ Կրթության ազգային ինստիտուտը:

 

Այս տարի ծրագրին մասնակցել է 58 ուսուցիչ՝ 15 երկրից (ԱՄՆ, Ավստրալիա, Բուլղարիա, Բելառուս, Դանիա, Իրաք, Թուրքիա, Լիբանան, Կանադա, Հորդանան, Ռուսաստան, Սիրիա, Ուկրաինա, Վրաստան, Ֆրանսիա):

 

Այս տարի վերապատրաստումն իրականացվել է վեց ուսումնական խմբերում՝ մանկապարտեզի, տարրական ուսուցման, մեկօրյա դպրոցների, հայոց լեզվի ու գրականության դասավանդման, լրացուցիչ կրթության կազմակերպման եւ հայոց պատմության ուղղություններով: Յուրաքանչյուր խմբում լրացվել է 120 դասաժամ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին