Վարչապետը կոչ է արել սինխրոնիզացնել կրթական համակարգը - Mediamax.am

8489 դիտում

Վարչապետը կոչ է արել սինխրոնիզացնել կրթական համակարգը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում կարեւորել է ՀՀ կրթական համակարգի սինխրոնիզացումը։

«Մեր իրականության ամենակարեւոր խնդիրներից մեկը զուգահեռ իրականությունների գոյությունն է։ Նախկինում ես դա բնորոշում էի հետեւյալ կերպ․ մենք մի կողմից ունենք, օրինակ՝ գրված Սահմանադրություն, որը սահմանում է հարաբերությունների կարգավորման որոշ նորմեր, եւ մյուս կողմից՝ ունենք իրականություն, որտեղ հարաբերությունները կարգավորվում են բոլորովին այլ կերպ։ Մեր խնդիրն է այդ երկու իրականությունները սինխրոնիզացնելը եւ մենք հիմա հենց այդ գործով ենք զբաղված»,- ասել է վարչապետը։

 

Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ զուգահեռ իրականություններ կան նաեւ կառավարման, եւ մասնավորապես՝ կրթության ոլորտներում։

 

«ՀՀ տարբեր գերատեսչությունների կազմում գործում են կրթական հաստատություններ, օրինակ՝ մի կողմից ունենք դիվանագիտական, արտակարգ իրավիճակների, արդարադատության, պետական կառավարման, ռազմական եւ այլ ակադեմիաներ, մյուս կողմից՝ բուհական համակարգ, որտեղ պատրաստվում են իրավաբաններ, դիվանագետներ, եւ այլ մասնագետներ»,- ասել է կառավարության ղեկավարը։

 

Նրա խոսքով՝ «որոշ դեպքերում զուգահեռ կրթական իրականությունը ծագել է այն պատճառով, որ պրակտիկ գործով զբաղվող օղակները համարել են, որ ավանդական կրթական համակարգը չի «մատակարարում» այն մակարդակի մասնագետներ, որոնց հնարավոր լինի ներգրավվել կոնկրետ աշխատանքի մեջ»։

 

«Ժամանակն է, որ մենք մտածենք եւ լուծումներ գտնենք՝ կրթական համակարգը սինխրոնիզացնելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

 

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, արձագանքներով  վարչապետի հայտարարությանը, նշել է, որ «բարձրացված հարցն ամենօրյա ռեժիմով քննարկվում է»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին