Մշակույթի եւ ԿԳ նախարարությունները «մթնոլորտ փոխող» նախագծեր են սկսում - Mediamax.am

9412 դիտում

Մշակույթի եւ ԿԳ նախարարությունները «մթնոլորտ փոխող» նախագծեր են սկսում


Լիլիթ Մակունցը եւ Արայիկ Հարությունյանը
Լիլիթ Մակունցը եւ Արայիկ Հարությունյանը

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure


ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը եւ կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ազդարարել են համատեղ նոր ծրագրերի մասին: Սերգեյ Փարաջանովի թանգարանում այսօր կայացած ասուլիսի ժամանակ նախարարներն ասել են՝ նոր ծրագրերը կարեւոր են երկու ոլորտների զարգացման համար. ակնկալում են, որ դրանք ամբողջ Հայաստանով մեկ մթնոլորտ են փոխելու:  

 

Առաջին նախագիծ

 

Այս տարվա հոկտեմբերից ամբողջ հանրապետությունով մեկ 1-12-րդ դասարանցիների համար գործելու է աբոնեմենտային համակարգ. յուրաքանչյուր աշակերտ ուսումնական տարվա  ընթացքում հնարավորություն կունենա մեկ անգամ անվճար մուտք գործելու երեք մշակութային հաստատություն՝ թանգարան կամ պատկերասրահ, թատրոն եւ դասական երաժշտության համերգասրահ: 

 

«Կարեւոր ենք համարում ամբողջ երկրով մեկ աբոնեմենտային համակարգի վերագործարկումը (թերեւս 30 տարի անց), որովհետեւ մեր նախարարությունների քաղաքականության մեջ է մտնում երկու ոլորտների զուգակցումը եւ համադրումը, ինչպես նաեւ տվյալ ոլորտների խթանումը »,- ասել է մշակույթի նախարարը: 

 

Աբոնեմենտն ունի 3 կտրոն, յուրաքանչյուր հաստատությունում աշակերտը կամ հսկիչը կպատռի կտրոնը, հետագայում այն կներակայցվի համապատասխան գերատեսչություն, եւ դրա հիման կիրականացվի ֆինանսավորումը: Նախարարությունները ծրագրի համար նախատեսել են շուրջ 400 մլն դրամ: Յուրաքանչյուր աբոնեմենտ լինելու է աշակերտի անձնական տվյալներով:

 

ԿԳՆ նախարարի խոսքով՝ ծրագիրն իրականացնում են պիլոտային ռեժիմով՝ հասկանալու համար, թե այս մեկ տարվա ընթացքում ինչ խնդիրներ կառաջանան, որպեսզի, դրանք լուծելով, հաջորդ տարի ավելի կատարելագործեն: 

 

«Այս ծրագրի մասին խոսում էինք, երբ դեռ ընդդիմություն էինք. շատ էինք կարեւորում, որ մեր երեխաները մշակույթի հետ հաղորդակից լինեն: Հիմա պետությունը ստեղծում է նման հնարավորություն: Աբոնեմենտները դպրոցներին անվճար են տրամադրվելու»,- ասում է Արայիկ Հարությունյանը: 

 

«Գուցե թվա՝ մեկ ուսումնական տարվա ընթացքում երեք հաստատություն անվճար մուտք գործելն այդքան էլ մեծ թիվ չէ երեխաների համար, բայց երբ գումարային առումով տեսնում ենք, թե դա պետության կողմից որքան լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ է պահանջում, նկատում ենք, որ քիչ չէ»,- նկատում է Լիլիթ Մակունցը:  

 

Երեխաներն ազատ կարող են որոշել՝ երբ եւ որտեղ այցելել, որոշել կարող է նաեւ ուսուցիչը եւ ամբողջ դասարանին միասին տանել որեւէ հաստատություն: Այս առիթով նախարարները կոչ են անում բոլոր ուսուցիչներին՝ դասերը ներկայացնելիս անպայման հղում կատարել այն մշակութային հաստատություններին, որտեղ հնարավոր է այցելեն: ԿԳՆ նախարարը նաեւ տեղեկացրել է, որ պատրաստվում են հրապարակել բոլոր հնարավոր ներկայացումների, համերգների, պատկերասրահների ցանկը dasaran. am կայքում: 

 

Նախարարները նաեւ խրախուսում են դպրոցներին այցելել ոչ միայն իրենց քաղաքում, այլեւ կողքի փոքր ու մեծ քաղաքներում կազմակերպվող միջոցառումներին: Ի դեպ, մարզերում աշակերտների տեղափոխման խնդիրներ չեն առաջանա. մարզպետները հավաստիացրել են Լիլիթ Մակունցին՝ կաջակցեն աշակերտներին դեպի մշակութային օբյեկտներ տեղափոխման հարցում: 

 

Երկրորդ նախագիծ

 

Այսօր մեկնարկ է տրվում նաեւ «Քո արվեստը դպրոցում» դրամաշնորհային նոր ծրագրին: Նախարարներն ազդարարել են մրցույթ, որի շրջանակներում դասական երաժշտության, կերպարվեստի եւ գրականության ոլորտի ներկայացուցիչները կարող են ներկայացնել ծրագիր՝ շեշտը դնելով այնպիսի գաղափարների վրա, որոնք կունենան ինտերակտիվ եւ ստեղծարար մոտեցում: 

 

«Նախագծի շուրջ քննարկումների արդյունքում հասկացանք, որ ցանկանում ենք տեսնել քննադատական, ինչպես նաեւ ստեղծագործ մտքի զարգացում: Ցանկանում ենք նաեւ, որ հանրապետությունում մեծանա հետաքրքրությունը դասական երաժշտության, կերպարվեստի եւ ընթերցանության նկատմամբ»,- ասում է Լիլիթ Մակունցը: 

 

Ընտրվելու են 50 գործիչներ, որոնցից յուրաքանչյուրի նախագիծն իրականացնելու համար նախատեսվում է տրամադրել 1 մլն դրամ: Յուրաքանչյուրին վիճակահանությամբ կտրվի ցանկ, ըստ որի տվյալ գործիչը Հայաստանում շուրջ 30 դպրոց կայցելի: Ծրագիրը կգործի հանրապետության 1400 դպրոցներում: Ժամանակային առումով սահմանափակում չկա. 30 դպրոց կարելի է այցելել թե մեկ ամսում, թե մեկ ամբողջ ուսումնական տարվա ընթացքում:  

 

«Շատ հաճախ արվեստագետներն ասում են, որ չեն կարողանում ներգրավել երիտասարդներին եւ նրանց ներկայացնել իրենց ծրագրերը, հիմա մենք նման հնարավորություն ենք ստեղծում, որպեսզի յուրաքանչյուր գրող գնա եւ իր աշխատանքները ներկայացնի դպրոցներում»,- ասում է Արայիկ Հարությունյանը ու հավելում,- «Սա գումար աշխատելու եւ վաստակելու դրամաշնորհային նախագիծ չէ. սա փոխշահավետ համագործակցություն է արվեստագետի եւ դպրոցի միջեւ: Սա հերթական լավ ծրագրերից է, որը թույլ կտա հանրապետությունում ակտիվացնել մշակութային կյանքը»,- նկատում է Արայիկ Հարությունյանը: 

 

«Սրանով մենք խնդիր ենք դնում ոչ միայն նշված ոլորտներում հետաքրքրությունը մեծացնելու եւ ճաշակ ձեւավորելու, այլեւ ճանաչելի դարձնելու ժամանակակից արվեստագետներին, գրողներին, դերասաններին»,-  հավելել է Լիլիթ Մակունցը: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին