«Հույս»-ը կօգնի հայ երիտասարդներին նվաճել կրթական բարձունքները - Mediamax.am

9131 դիտում

«Հույս»-ը կօգնի հայ երիտասարդներին նվաճել կրթական բարձունքները


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուներն ու շրջանավարտները հայտարարել են «Հույս» հիմնադրամի (Huys Foundation) մեկնարկի մասին:

ԱՄՆ-ում գրանցված անկախ, ոչ քաղաքական եւ ոչ առեւտրային կազմակերպության առաքելությունն է՝ օժանդակել հայ երիտասարդներին նվաճել կրթական գերազանցության բարձունքները՝ միաժամանակ իրենց մտքով եւ գործով հավատարիմ մնալով Հայաստանին եւ Հայկական աշխարհին։

 

«Հույս» հիմնադրամը մեկնարկում է իբրեւ անցում «Լույս» ոչ առեւտրային կազմակերպությունից (Luys Inc.), որը հայաստանյան «Լույս» հիմնադրամի՝ ԱՄՆ-ում գործող գործընկեր կազմակերպությունն է։  

 

Այս անցման արդյունքում «Հույս» հիմնադրամի գործունեությունը կենտրոնանում է կրթական գերազանցության վրա՝ դրան ծառայելով կրթաթոշակային միջոցների հայթայթման եւ ակադեմիական ու մասնագիտական ներուժը սպասարկող գլոբալ ցանցերի կառուցման միջոցով՝ որդեգրելով հաշվետվողականության, թափանցիկության եւ անկախության սկզբունքները։

 

««Հույս» հիմնադրամն իր գործունեությունը կառուցում է «Լույս» հիմնադրամի՝ գրեթե մեկ տասնամյակ ձգվող ձեռքբերումների հենքի վրա, եւ իր խորին երախտագիտությունն է հայտնում «Լույսի»  երկու հիմնադիրներին՝ Սերժ Սարգսյանին եւ Տիգրան Սարգսյանին, նաեւ «Լույսի» հովանավորներին եւ աշխատակազմին, որոնք ցանեցին այն բեկումնային տեսլականի սերմերը, որի շնորհիվ աշխարհով մեկ ավելի քան 500 «Լույս» կրթաթոշակառուների կյանք է փոխվել։

 

Ելնելով նշված հրամայականի հրատապությունից՝ «Հույս» հիմնադրամը ողջունում է ցանկացած կազմակերպություն, որը միտված է ծառայելու գերազանցության հասանելիությանը։  Այս առումով, մենք մեծապես ողջունում ենք Աննա Հակոբյանի համարձակ առաջնորդության ներքո «Իմ քայլը» հիմնադրամի մեկնարկը, որը 2018-2019 ուսումնական տարվա համար աշխարհի լավագույն համալսարաններ ընդունված բազմաթիվ ուսանողներ հովանավորելով՝ նոր ավյուն է տալիս այս առաքելության իրականացմանը»,- ասված է հաղորդագրությունում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին