Գիտական աստիճանների շնորհման համակարգը կբարեփոխվի - Mediamax.am

5261 դիտում

Գիտական աստիճանների շնորհման համակարգը կբարեփոխվի


ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը
ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Կրթության եւ գիտության նախարարության (ԿԳՆ) Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) կազմում գործող 60 մասնագիտական խորհուրդների ճնշող մեծամասնությունը ձեւավորվել է կարգի խախտումով։

Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրել է ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը՝ բացատրելով, թե ինչու է սեպտեմբերի 3-11-ը ժամանակավորապես դադարեցվել մասնագիտական խորհուրդների գործունեությունը։

 

Նրա խոսքով՝ ատենախոսություններ ընդունելու «կարանտինը» մի քանի շաբաթով երկարացվելու է, որպեսզի մանրամասն ուսումնասիրեն ու հասկանան՝ խորհուրդներից որոնք են «բուժման ենթակա», որոնք՝ ոչ։

 

Ըստ Սմբատ Գոգյանի՝ մասնագիտական խորհուրդներում առկա են կոռուպցիոն սխեմաներ, ընդգրկված են մարդիկ, որոնք դրա իրավունքը չունեին, եւ այս ամենը վերահսկելի էր դարձնում խորհուրդների կազմի աշխատանքը։ Խնդրահարույց են հատկապես տնտեսագիտական խորհուրդները։

 

«Մինչ այժմ ԲՈԿ-ը կատարել է ոստիկանի ֆունկցիա. խորհրդում պրոցեսը եղել է, բերել են ԲՈԿ, որ տեսնեն՝ կհաստատի՞, թե՝ չէ, այսինքն՝ անորակ աշխատանքները «կբռնվե՞ն», թե՝ չէ։ Բայց մենք մեր գործառույթների ոճը, փիլիսոփայությունը փոխում ենք. լինելու ենք ոչ թե ոստիկանական, այլ՝ բժշկական կառույց։ Ամեն քայլը վերահսկելու ենք, որպեսզի բացառվեն կոռուպցիոն ռիսկերը, ծանոթությունների համակարգի ազդեցությունը պաշտպանության համակարգի վրա։ Վերջում գնահատելու ենք գիտնականներին, խորհրդի անդամներին, ընդդիմախոսներին եւ գիտական ղեկավարներին՝ ընդհուպ արգելելով նրանց հետագա գործունեություն ծավալել՝ ղեկավար լինել, խորհրդում ընդգրկվել»։

 

Ինչ վերաբերում է արդեն շնորհված գիտական աստիճաններին, Սմբատ Գոգյանն ասել է, որ չեն կարող դրանք հետ վերցնել: Բայց խնդիրները վերացնելու ու յուրաքանչյուր մասնագիտական խորհրդի համար լուծումներ գտնելու նպատակով աշխատանքային խմբեր են ձեւավորել։

 

Այսուհետ մշտական խորհուրդներ չեն լինելու, գործելու է ռոտացիոն համակարգ։ Հայցորդն ատենախոսությունը ներկայացնելիս չի իմանալու, թե ովքեր են ընդգրկված իրեն գնահատող խորհրդի կազմում։ Նրան հնարավորություն է տրվում ներկայացնել նախընտրած մասնագետների ցանկ, եւ ԲՈԿ-ը պարտավորվում է նրանց մեծ մասին ընդգրկել խորհրդում։

 

«Ամբիոնի եւ ֆակուլտետի ներկայացուցիչները շատ ավելի լավ գիտեն, թե ասպիրանտն ինչի է արժանի, եւ եթե մարդը, ընդգրկվելով խորհրդի կազմում, հասկանում է, որ «բռակի» դեպքում պատասխանատվության կարող է կանչվել եւ հետագայում երբեք այլեւս չընդգրկվել կազմում, ապա կսկսի մտածել»,- ամփոփել է Սմբատ Գոգյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին