«Արարատյան բակալավրիատ»-ի անորոշ ապագան - Mediamax.am

exclusive
17380 դիտում

«Արարատյան բակալավրիատ»-ի անորոշ ապագան


Բագարան համայնքի դպրոցում
Բագարան համայնքի դպրոցում

Լուսանկարը` Մեդիամաքս

Ամրակից համայնքի դպրոցում
Ամրակից համայնքի դպրոցում

Լուսանկարը` Մեդիամաքս

Հուշակերտ համայնքի դպրոցում
Հուշակերտ համայնքի դպրոցում

Լուսանկարը` Մեդիամաքս

Արեւիկ Անափիոսյանը
Արեւիկ Անափիոսյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Մերի Մամիկոնյանը
Մերի Մամիկոնյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Արեւիկ Անափիոսյանը
Արեւիկ Անափիոսյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Նարեկ Մանուկյանը
Նարեկ Մանուկյանը

Լուսանկարը` անձնական արխիվից


Կրթություն եւ գիտության նախարար նշանակվելուց հետո Արայիկ Հարությունյանի՝ հանրային մեծ հնչեղություն ստացած առաջին հայտարարությունը «Արարատյան բակալավրիատ» (ԱԲ) ծրագրում ֆինանսական աուդիտ անցկացնելու մասին էր։ Նախարարը խոստացել էր ծրագրին անդրադառնալ աուդիտի արդյունքները ստանալուց հետո։ Արդյունքները չհրապարակվեցին, բայց  որոշվեց ծրագիրը ժամանակավորապես դադարեցնել։ Մի քանի շաբաթ առաջ էլ Արայիկ Հարությունյանն ասել էր, որ օգտակար կլինի ծրագիրը ներդնել բոլոր դպրոցներում, եթե կա դրա հնարավորությունը։

 

«Արարատյան բակալավրիատ»-ի հետ կապված մի շարք հարցեր, այնուամենայնիվ, մնում են բաց ու չմեկնաբանված։ Պարզաբանումների համար Մեդիամաքսը զրուցել է ծրագիրն իրականացնող կողմերի՝ Կրթության եւ գիտության նախարարության ու «Այբ» հիմնադրամի ներկայացուցիչերի հետ։

 

«Արարատյան բակալավրիատ»-ը հայալեզու կրթական ծրագիր է՝ որակով ու բովանդակությամբ համարժեք միջազգային կրթական ծրագրերին։ Այն ներդրվում է ավագ կամ ավագի բաղադրիչ ունեցող դպրոցներում՝ առնվազն մեկ դասարանում։ ԱԲ ծրագրով սովորելու համար աշակերտները հանձնում են քննություններ, նրանց դասավանդում են մասնագիտական զարգացման ծրագիր անցած ուսուցիչները։ «Արարատյան բակալավրիատ»-ի շրջանավարտները հանձնում են քննություններ եւ հնարավորություն ստանում ընդունվել աշխարհի մի շարք հեղինակավոր բուհեր։

 

Ի՞նչ էր նախատեսում ԱԲ ծրագիրը, եթե չդադարեցվեր

 

2018-19 ուսումնական տարում նախատեսվում էր «Արարատյան բակալավրիատ»-ը ներդնել առնվազն 14 մարզային դպրոցում։ Փուլային տարբերակով տարեցտարի ԱԲ-ը մտնելու էր ավելի շատ դպրոցներ։

 

«Առաջիկա մի քանի տարում ծրագիրը ներդրվելու էր միայն մարզերում։ Մեր նպատակը մարզերում, նաեւ՝ Արցախում, կրթության որակը բարձրացնելն էր, մարզային դպրոցները կայացնելը, որպեսզի դրանք դառնային համայնքային կենտրոններ եւ երեխայի կրթությունը Երեւան տեղափոխվելու եւս մեկ առիթ չլիներ: Երեւանը դիտարկվում էր ավելի ուշ փուլերում»,-ասում է Կրթության գերազանցության ազգային ծրագրի աշխատակազմի ղեկավար Նարեկ Մանուկյանը։

Նարեկ Մանուկյանը Նարեկ Մանուկյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Ի՞նչ մտահոգություններ ունի ԿԳՆ-ն

 

Կրթության եւ գիտության նախարարության նոր թիմը խնդիրներ է տեսնում ոչ այնքան ծրագրի բովանդակության, որքան՝ ներդրման քաղաքականության մեջ։ Փոխնախարար Արեւիկ Անափիոսյանն ասում է, որ ԱԲ-ի ներդրման համար հատուկ չափորոշիչներով դպրոցների ու աշակերտների ընտրությունը տանում է էլիտարացման։

 

«Երեխաները, որոնք 1-9-րդ դասարաններում սովորելով կարողանում են հաղթահարել ԱԲ-ի համար դրված շեմը, կա՛մ փայլուն աշակերտներ են, տաղանդավոր երեխաներ, որոնք կարողանալու են հասնել հաջողության ցանկացած կրթական համակարգում, կա՛մ սոցիալապես ապահով երեխաներ են․ իմանալով, որ մեր համակարգում չեն կարող նորմալ կրթություն ստանալ, նրանք դիմում են կրկնուսույցների, փորձում բարձրացնել իրենց կրթության մակարդակը, որ հասնեն ու հաղթահարեն շեմը։ Ցանկացած պարագայում, մենք ինչ-որ ձեւով ընտրում ենք լավերին եւ նրանց տալիս կրթություն։ Մեր մոտեցումը հետեւյալն է․ եթե կա որեւէ լավ համակարգ ներդնելու հնարավորություն, այն պետք է հասանելի լինի բոլորին եւ ոչ միայն չափազանց տաղանդավոր երեխաներին»,- ասում է Արեւիկ Անափիոսյանը։

Արեւիկ Անափիոսյանը Արեւիկ Անափիոսյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Նարեկ Մանուկյանը նշում է, որ ընտրված դպրոցներում «Արարատյան բակալավրիատ»-ը ներդրվելու է առնվազն մեկ դասարանում։ Եթե ցանկացողներն ու պահանջված շեմը հաղթահարողները շատ լինեն, նախատեսվում է ԱԲ-ն իրականացնել միաժամանակ 4 դասարանում։

 

«ԱԲ-ն հաշվարկված է այն աշակերտների համար, որոնք 1-9-րդ դասարանների պետական ծրագրով լավ են սովորել,  յուրացրել են այն։ Ոչինչ ավելի նրանցից չի պահանջվում»,-ասում է Նարեկ Մանուկյանը։

 

Պե՞տք է տարբերակել ուսուցիչներին

 

ԱԲ ծրագրով դասավանդելու համար դիմել էր ավելի քան 300 ուսուցիչ։ Ընտրվել ու ծրագրին մասնակցել էր 102-ը, հավաստագրվել՝ 97-ը։ Նրանց ընտրում են՝ ստուգելով մասնագիտական գիտելիքները, մանկավարժական հմտությունները։ Ընտրված ուսուցիչներն անցնում են բարդ եւ երկարատեւ վերապատրաստում։ ԱԲ-ի ուսուցիչների աշխատավարձը զգալի բարձր է պետական ծրագրով դասավանդողներից։

 

ԿԳ փոխնախարարի կարծիքով՝ սա ուսուցիչների նկատմամբ անազնիվ մոտեցում է։

 

«Ուսուցիչներին վերապատրաստելուց առաջ շեմ էին դրել, ընտրել էին լավագույններին։ Շատ ուսուցիչներ չեն հաղթահարել այդ շեմը եւ չեն կարողացել մասնակցել վերապատրաստումներին։ Եթե խնդիր ենք դնում բարձրացնել ուսուցիչների մասնագիտական գիտելիքները եւ հմտությունները, պետությունը չի կարող իրեն ճոխություն թույլ տալ ընտրելու։ Սա մենք դիտարկում ենք հանրակրթության ոլորտում իրականացվելիք բարեփոխումների համատեքստում, ինչը ենթադրում է հանրակրթության պետական չափորոշիչի եւ առարկայական ծրագրերի փոփոխություն, ուսուցիչների վերապատրաստման նոր համակարգի ներդրում»։

 

Ուսուցիչների ընտրություն, ըստ Նարեկ Մանուկյանի, իրականացվում է, քանի որ բուհերի որակը հնարավոր չէ կառավարել։ Եթե վստահ լինեին, որ բուհ ավարտող ապագա ուսուցչի գիտելիքները համապատասխանում են դիպլոմին, ընտրելու խնդիր չէր լինի։

 

«Երկու մոտեցում կա․ մենք ասում ենք, որ անկախ ամեն ինչից՝ մեր ուսուցիչները լավն են, եւ դադարում ենք բողոքելուց, որ, օրինակ, X դպրոցում կա ուսուցիչ, որը չի կարողանում դասը բացատրել, որովհետեւ ինքը չի հասկացել։ Մենք սրա վրա աչք ենք փակում, ասում ենք, որ բոլորը հավասար են, եւ վաղը բոլորին տալիս ենք նույն աշխատավարձը։ Սա այն մոտեցումն է, որով Հայաստանը միշտ աշխատել է։ Սա անարդար է, որովհետեւ այն ուսուցիչը, որը առարկան գիտի, կարողանում է աշակերտների հետ տարբերակված աշխատել, ստանում է նույն գումարը, ինչ այն ուսուցիչը, որը չի կարողանում դա անել։ Եթե թողնում ենք հանրահաճո մոտեցը եւ ուզում ենք ազնիվ լինել ապագայի նկատմամբ, պիտի հասկանանք՝ որ ուսուցիչը ինչ գիտի։ Սա նշանակում է ուսուցիչներին քննել, կիրառել ուսուցիչների գործող տարակարգեր»,-բացատրում է Նարեկ Մանուկյանը։

Ամրակից համայնքի դպրոցում Ամրակից համայնքի դպրոցում

Լուսանկարը` Մեդիամաքս

Վերապատրաստված 97 ուսուցիչները, ինչպես նախատեսվում էր, վերադարձել են իրենց դպրոցներ։ Շատերը, հավանաբար, կկիրառեն վերապատրաստման արդյունքում ձեռք բերած հմտությունները, բայց կշարունակեն աշխատել նույն պայմաններում։ Փոխնախարարն ասում է՝ նրանք դպրոցներում կդառնան շարժիչ ուժ այլ ուսուցիչների համար։ Հիմնադրամում էլ քննարկում են հետագայում նրանց հետ աշխատելու, աջակցելու եւ փորձը փոխանակելու տարբերակները:

 

Նորից ֆինանսական աուդիտի մասին, որից սկսվեց ամեն ինչ

 

ԿԳ նախարարը խոստացել էր ԱԲ-ին անդրադառնալ՝ աուդիտ անցկացնելուց հետո։ Հայտարարությունից մեկ ամիս անց Արայիկ Հարությունյանն ասել էր, որ ստուգումների փաթեթն իր սեղանին է, բայց դեռ չի հասցրել ուսումնասիրել. առավել հրատապ խնդիրներ կան։

 

Արեւիկ Անափիոսյանը ճշգրտում է՝ ոչ թե աուդիտ, այլ ուսումնասիրություն է կատարվել։ Ըստ նրա՝ ԱԲ-ի ներդրումը քաղաքական որոշում է եղել, եւ մի շարք հարցեր, այդ թվում՝ վերահսկողության հետ կապված, ստորադասվել են այդ որոշմանը։

 

«Չեմ կարող խոսել ֆինանսական չարաշահումների մասին, որովհետեւ հիմա նայում ենք ֆինանսական փաստաթղթերը եւ տեսնում, որ միջոցները ճիշտ ձեւով են ծախսագրվել եւ ծախսվել։ Բայց խնդիր ունենք հասկանալու, թե արդյունավե՞տ էր ծախսել այդքան գումար՝ այդ բովանդակությունը մշակելու համար»,- նշում է փոխնախարարը։

Արեւիկ Անափիոսյանը Արեւիկ Անափիոսյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Ծրագիրը ներդնելու համար պետական բյուջեից հատկացվել է մոտ 2․5 մլրդ դրամ։  «Այբ»-ի պատասխանատուներն ասում են, որ հիմնադրամը ստեղծման օրից կրթության մեջ ներդրել է 30 մլն դոլար, հիմնականում՝ կրթական նոր բովանդակության ստեղծման եւ զարգացման համար։ Այն հիմք է դարձել ԱԲ-ի մշակման եւ Կրթության գերազանցության ազգային ծրագրի (ԿԳԱԾ) իրականացման համար։ Իսկ միայն ԿԳԱԾ-ի ներդրման համար հատացվել է 240 մլն դրամ։

 

Նարեկ Մանուկյանն ասում է, որ 3 տարի պատրաստվել են ծրագրի ներդրմանը՝ վերապատրաստել են ուսուցիչների, մշակվել նրանց մասնագիտական զարգացման, դպրոցների ղեկավար կազմի զարգացման ծրագրերը, ապահովել են ԱԲ-ի միջազգային ճանաչումը, ստեղծել քննական կենտրոն, մասնագիտական կողմնորոշման ուղեցույց:

 

Ըստ «Այբ» հիմնադրամի ներկայացուցիչների, ծրագրի գործունեության ֆինանսական հաշվետվությունը տեղադրված է համացանցում եւ բաց է բոլորի համար: ԿԳՆ ուսումնասիրության արդյունքներից տեղյակ չեն, եւ դա դիտում են որպես դրական պատասխան:

 

«Ուսումնասիրության շրջանակում սիրով ընդունեցինք իրենց խմբին։ Մոտ երեք օր տեղում փաստաթղթերի ուսումնասիրություն կատարեցին: Առ այսօր բացասական կարծիք կամ խնդիրներ պարունակող պաշտոնական եզրակացություն չենք ստացել։ Բայց կարելի է փաստել, որ, հավանաբար, արդյունքները դրական են, որեւէ խնդիր չկա»,- ասում է Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մերի Մամիկոնյանը։

Մերի Մամիկոնյանը Մերի Մամիկոնյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

ԱԲ-ի ապագայի եւ «Այբ»-ԿԳՆ համագործակցության մասին

 

Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն օրեր առաջ ասել էր, որ բանակցում են «Այբ» հիմնադրամի հետ, որպեսզի ԱԲ-ի նկատմամբ վերահսկողություն ունենան եւ, հնարավորության դեպքում, այն ներդնեն բոլոր ավագ դպրոցներում:

 

«Պետությունը հսկայական գումարներ է ծախսել, էնտեղ աշխատանքը կատարվել է, եւ օգտակար կլինի, եթե, հնարավորության դեպքում, այս համակարգն ամբողջ ավագ դպրոցում ներդրվի», - ասել էր նախարարը։

 

Պատասխանելով հարցին, թե կա՞ն բավարար միջոցներ, եւ որքա՞ն ժամանակ կպահանջվի ԱԲ-ն բոլոր ավագ դպրոցներում ներդնելու համար, փոխնախարար Արեւիկ Անափիոսյանն ասաց, որ գերադասում են փոքր քայլերով առաջ գնալ: Ամեն դեպքում, կա կատարված աշխատանք, պետք է ուսումնասիրել եւ հասկանալ՝ որքանով է հնարավոր դա օգտագործել որպես պետական ծրագիր։

 

«Ավագ դպրոցն ունի բովանդակության խնդիր։ Ուզում ենք հասկանալ՝ կարողանո՞ւմ ենք ԱԲ կրթական ծրագրերը փոփոխելով, ներմուծելով՝ ավագ դպրոցի բովանդակության խնդիրը լուծել»,-ասել է փոխնախարարը:

Հուշակերտ համայնքի դպրոցում Հուշակերտ համայնքի դպրոցում

Լուսանկարը` Մեդիամաքս

«Այբ» հիմնադրամն իր ռազմավարության շրջանակում պատրաստ է աջակցել նախարարությանը՝ Հայաստանում լավագույն կրթությունը բոլորին հասանելի դարձնելու համար։

 

«Մեր փորձը, միջազգային գործընկերների հետ հարաբերությունը շատ մեծ արդյունք են տվել ու տալիս։ Էստեղ կան մասնագետներ, թիմ, որ պատկերացնում են՝ ինչպես կարելի է ավագ դպրոցի ապագան բարելավել ու կայացնել։ Այդ գործի համար տարիների աշխատանք է ներդրվել։ Սա ոչ թե հիմնադրամի, այլ Հայաստանի Հանրապետության ձեռքբերումն է, պետության վարկանիշը: Մենք նախարարությանն ասել ենք՝ պատրաստ ենք անել ամեն ինչ, որ այդ ձեռքբերումը չտապալվի»,-եզրափակում է Մերի Մամիկոնյանը:

 

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին