Gallup-ի հարցման տվյալներով, առջեւում են ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն - Mediamax.am

6018 դիտում

Gallup-ի հարցման տվյալներով, առջեւում են ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն


 Ռասա Ալիշաուսկիենեն, Արտակ Ալեքսանյանն ու Գեւորգ Պողոսյանը
Ռասա Ալիշաուսկիենեն, Արտակ Ալեքսանյանն ու Գեւորգ Պողոսյանը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Երեւանում ներկայացվել են ապրիլի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ բնակչության նախընտրական տրամադրությունների վերաբերյալ իրականացված առաջին հարցման արդյունքները:

Այս հարցումն “Արմնյուզ” հեռուստաալիքի նախաձեռնությամբ եւ ֆինանսավորմամբ իրականացվող հանրային կարծիքի ուսումնասիրման ընդգրկուն ծրագրի մի մասն է, որը համատեղ իրականացնում են Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիան (ՀՍԱ) եւ  “Գելափ” կազմակերպությունը (The Gallup Organization):

 

Հարցվածների 28%-ի կարծիքով երկրի առջեւ ծառացած խնդիրները կարող է լուծել ՀՀԿ-ն, 25%-ի կարծիքով` ԲՀԿ-ն, ՀԱԿ-ին վստահում է 6,7%-ը, ՕԵԿ-ին` 4,5%-ը, ՀՅԴ-ին` 4%-ը եւ Ժառանգությանը` 3,5%-ը:

 

Հարցման արդյունքներով, ընտրողների 34%-ն իր ձայնը տալու է ՀՀԿ-ին, 28%-ը` ԲՀԿ-ին, 9%-ը` ՀԱԿ-ին, 6%-ը ՕԵԿ-ին, 5%-ը ՀՅԴ-ին եւ 3%-ը “Ժառանգություն” կուսակցությանը:

Հավատու՞մ եք այս հարցման արդյունքներին:

«Մեր նպատակն է խորհրդարանական ընտրություններին ընդառաջ բացահայտել քաղաքական-հասարակական տրամադրությունները: Առաջին հարցմանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող Հայաստանի 1018 բնակիչ` դեմ առ դեմ հարցազրույցի մեթոդով: Կարծիքի դինամիկան բացահայտող երկրորդ հարցման արդյունքները կհրապարակվեն ապրիլի 28-ին», - տեղեկացրել է «Արմնյուզ» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Արտակ Ալեքսանյանը:

Արտակ Ալեքսանյանը:

 

Գելափ-ի ներկայացուցիչ դոկտոր Ռասա Ալիշաուսկիենեն էլ հարցման արդյունքները ներկայացնելիս նշել է, որ ստացված տվյալներն ընդհանուր սոցիալ-տնտեսական, քաղաքական համատեքստում են:

 

«Այն հարցին, թե ինչ են մտածում ՀՀ-ում իրականացվող քաղաքականությունը ճիշտ ուղղությամբ է ընթանում, բնակչության 46%-ը պատասխանել է այո, իսկ 50%-ը` ոչ, մնացած մասը դժվարացել է պատասխանել: Հատկանշական է, որ բոլոր սոցիալական խմբերում` երիտասարդներ եւ մեծահասակներ, կանայք եւ տղամարդիկ, քաղաքաբնակներ եւ գյուղաբնակներ, ստացվել են նույն պատասխանները, ինչը խոսում է կարծիքի միատարրության մասին»,-ասել է նա:

 

Նրա խոսքերով, ինչպես աշխարհի այլ երկրներում, մեր երկրում եւս հարցվողների մեծ մասը որպես երկրի գլխավոր հիմնախնդիր նշում է աշխատատեղերի պակասը (51%), կենսամակարդակի ցածր լինելը (27%),  եւ ցածր աշխատավարձերը (21%):

 

Ռասա Ալիշաուսկիենեն միաժամանակ նշել է, որ հարցվածների միայն 58%-ն է ասել, որ հաստատ մասնակցելու է ընտրություններին, մոտ 30%-ն ասել է, որ ավելի շուտ կմասնակցի, բոլոր հարցվածների մոտ 24%-ն էլ ասել է, որ դեռ կարող է փոխել իր դիրքորոշումը:

 

Ընտրողների համար տեղեկատվության հիմնական աղբյուր շարունակում է մնալ հեռուստատեսությունը`96%, մնացած աղբյուրները բաշխվել են հետեւյալ կերպ` ռադիո`31%, ընկերներ եւ ծանոթներ`31%, համացանցի աղբյուրներ`26% եւ թերթեր` 25%:

 

“Տեղեկատվության աղբյուրների նախընտրությունները տարբերվում են երիտասարդների մոտ. նրանց համար հեռուստատեսությունից հետո տեղեկատվության հիմնական աղբյուր է համացանցը”,-ասել է Գելափ-ի ներկայացուցիչը:

 

Ռասա Ալիշաուսկիենեն նաեւ ասել է, որ գիտափորձերը ցույց են տալիս, որ հարցման արդյունքները բնակչության նախապատվությունների վրա նվազագույն ազդեցություն են ունենում:

 

Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանն էլ, պատասխանելով լրագրողների հարցին հարցման հավաստիության վերաբերյալ, ասել է. «Հավաստի են հարցումներ անցկացնող այն կազմակերպության տվյալները, որոնք առավելագույնս համապատասխանում են ընտրությունների իրական արդյունքներին»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին