ՀՅԴ. Ընտրությունները չարձանագրեցին ժողովրդի կամքը եւ քաղաքական ուժերի իրական հարաբերակցությունը - Mediamax.am

109361 դիտում

ՀՅԴ. Ընտրությունները չարձանագրեցին ժողովրդի կամքը եւ քաղաքական ուժերի իրական հարաբերակցությունը


Վահան Հովհաննիսյանը
Վահան Հովհաննիսյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որ «ընտրությունները չարձանագրեցին ժողովրդի կամքը եւ քաղաքական ուժերի իրական հարաբերակցությունը»:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

 

«Ցավոք, ընտրությունները չարձանագրեցին ժողովրդի կամքը եւ քաղաքական ուժերի իրական հարաբերակցությունը: Պարզ դարձավ, որ համընդհանուր ընտրախախտումները ծրագրավորված էին եւ տեղի ունեցան տեղամասային կենտրոններից դուրս` մայիսի 6-ին եւ նախորդող օրերին: Իշխող կոալիցիայի անդամների անվան դիմաց գրանցվեցին բարձր արդյունքներ. նախ եւ առաջ ի հաշիվ պետական եւ վարչական լծակների ամբողջական օգտագործման ու ընտրակաշառքի վերածված աննախադեպ մեծ ֆինանսական միջոցների։ Անառարկելի փաստ է, որ ընտրակաշառքը վճռորոշ ազդեցություն ունեցավ ընտրությունների արդյունքների վրա։

 

Այս իրողությունը վկայում է, որ սոցիալական դժվար վիճակի մատնված,  իրավականորեն անպաշտպան, պետությունից օտարված հայ հասարակության բացարձակ մեծամասնությունը չկատարեց ազատ ու գիտակցված ընտրություն: Ժողովրդի ապաքաղաքականացումը, աղքատությունն ու թշվառությունը ընտրակաշառքի եւ ճնշումների միջոցով ապահովեցին իշխանությունների վերարտադրումը:

 

Սա նաեւ նշանակում է, որ քաղաքական ուժերը, այդ թվում ՀՅԴ-ն, դեռ չեն կարողացել մեր հասարակության մեջ ազատ քաղաքացու, արժանապատվորեն ընտրություն կատարողի գիտակցություն արմատավորել։

Դաշնակցությունը, որպես ինքնուրույն, հստակ սկզբունքներ դավանող քաղաքական ուժ, ընտրական արդյունքների առումով իր այս նահանջը սառնասրտորեն ձեւակերպում է որպես գործունեության նոր փուլի սկիզբ` համընդհանուր պայքարի շարունակություն մինչեւ ամբողջական իշխանափոխություն»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին