Լեւոն Սարդարյան. Նամակ, որը չի գրվել - Mediamax.am

4598 դիտում

Լեւոն Սարդարյան. Նամակ, որը չի գրվել


Լուսանկարը`


Երբեք մտքովս չէր անցնի, որ սեր խոստովանելն էսքան բարդ կլինի: Հատկապես՝ հեռվից: Հատկապես՝ քեզ: հատկապես՝ էսպես: Բայց նաեւ գիտեմ, որ նման կերպ զրուցելը մի քիչ ավելի բարդ է, որովհետեւ չկան շեղող հարցեր ու հանգամանքներ, չկան տեղի-անտեղի հարցեր ու ես հիմա միայնակ եմ իմ զգացմունքների ու մտքերի հետ:

 

Երբ դու ծնվեցիր, ես կողքի սենյակում (ծննդատան՝ ի դեպ) քնած էի: Իսկ հետո աչքերս բացվեցին՝ բառի բոլոր իմաստներով: Երբ ես քեզ առաջին անգամ տեսա, դու ավելի շատ մեծ բացիկ էիր հիշեցնում. Սպիտակ ծրար, որի փոքր բացվածքից երեւում էի քո դեմքը, աշխարհը դեռ չտեսնող, բայց զարմանալի գեղեցիկ ու գարուն հիշեցնող աչուկները: Դա սկիզբն էր, դա մեր գարունն էր, որը կրկին սկսվեց՝ այս անգամ քեզնով: Դա իմ այն գարունն էր, որն այլեւս երբեք չի ավարտվելու: Ես դա չգիտեի: Ես դա գիտակցեցի, երբ հասկացա, որ հենց քո՛ ծնունդով բացվեց Պանդորայի ինձ հասանելիք այն արկղիկը, որում կենտրոնացած էին այն բոլոր զգացմունքներն ու քնքշանքը, որին ունակ է տղամարդը: Դու դարձար աշխարհում միակ մարդն, ում թույլատրված էր այն ամենն, ինչը մնացած բոլորին արգելված էր:

 

Ես քեզ երբեք «պարզապես» չեմ սիրել: Այսինքն՝ դասական իմաստով դա «սովորական» սեր է, որովհետեւ այդ զգացումն այլ բառով բնորոշել հնարավոր չէ: Բայց դա ուղղակի սեր չէ այն պարզ պատճառով, որովհետեւ, թերեւս, աշխարհում չկա քիչ թե շատ նորմալ մեկն, ով, ասենք, սիրում է օդը, բայց չի կարոտում է շնչելուն: Սրանք չբաղդադվող հասկացություններ են: Նույն տրամաբանությամբ, հնարավոր չէ սիրել ժամանակը՝ չխոնարհվելով ՊԱՀի մեծության առջեւ: Եվ անհնար է չհասկանալ, որ ժամանակի հիմքն ու հենքը հենց պահն է: Ու հենց այն պահին, երբ դու ծնվեցիր, ես սիրեցի այն ժամանակը, առանց որի իմ գոյությունը կիմաստազրկվեր: Ես քեզ սիրեցի շատ ավելի, քան ինքս ինձ: Իսկ դա արդեն սեր չէ: Դա շատ ավելին է ու ես, ինչպես եւ ամբողջ մարդկությունը, այդ երեւույթը բնորոշելու համար այլ բառ դեռ չեմ հորինել: Բայց կփորձեմ: Ես կփորձեմ իմաստուն դառնալ:

 

Կփորձեմ նաեւ չտխրել: Չտխրել, երբ իրադարձությունների հորձանուտում հայտնվելով մենք իրարից հեռանում են: Ասենք՝ չէ՛, միեւնույնն է, կտխրեմ, բայց կաշխատեմ չթախծել: Տխրությունը երբեմն խելամիտ է, աղջի՛կս, թախիծը՝ երբեք: Թախիծը ատելության յուրահատուկ տեսակ է, որը մեզ թշնամացնում է մեր հետ: Չթախծես, բալե՛ս, վաղն առավոտյան արեւ եմ խոստանում: Քանզի ինքդ գարուն ես (չմոռանա՜ս):

 

Երբեք չդադարես ծիծաղել: Ոչ միայն աչքերն, այլեւ ծիծաղն է հոգու հայելին: Ու բնավ պատահական չէ, որ երբ դու լիաթոք ծիծաղում ես, աչքերդ գրեթե փակվում են: Որովհետեւ դիմացինդ ի զորու չէ միաժամանակ երկու հայելու մեջ նայել: Դու բարի ես ու խնայում ես քեզ շրջապատողներին: Բարի մնա, աղջի՛կս, որովհետեւ միայն բարության միջոցով ու շնորհիվ է հնարավոր պահպանել այն ծիծաղը, որի մեջ մարդ մնալ թույլ տվող Աստվածային զրնգոցն է հնչում: Ու, միաժամանակ, հիշիր, որ ծիծաղը զենք է, որով կարելի է նաեւ պատժել: Պատժել՝ սիրելով, պատժել՝ առանց վրեժի:

 

Մի՛ նմանվիր: Սովորիր չխառնել չնմանվելը չտարբերվելու հետ: Դու կարող ես չտարբերվել, ասենք, եկեղեցի աղոթելու համար մտած միլիոնավոր մարդկանցից: Բայց եթե չունես այդ ցանկությունը, ապա երբեք մի՛ մտիր եկեղեցի՝ սոսկ միլիոնավորներին նմանվելու պատճառով: Ես գիտեմ, որ դու հիմա էլ գիտես այդ տարբերությունը: Ուղղակի զգուշացնում եմ, աղջի՛կս, որովհետեւ աշխարհը խելագարվել է եւ պահի տակ այդ փոքր, բայց կենսականորեն կարեւոր տարբերության սահմանը կարող է խախտվել: Չդավաճանե՛ս ինքդ քեզ:

 

Ես գիտեմ, ես վստահ եմ, որ կգա այն օրը, երբ էս ամեն ինչի մասին մենք կխոսենք աչոք: Կխոսենք հանգիստ, կխոսենք՝ առանց լարվելու, ու խոսակցությունը կծորա, ինչպես նոր քամած մեղրը: Ես կլինեմ ծեր ու, հնարավոր է, նաեւ իմաստուն, իսկ դու, միեւնունն է, կլինես իմ աղջիկը՝ քո երեխաներով, թոռներով, իսկ միգուցե նաեւ ծոռներով: Բայց նույնիսկ այդ ժամանակ դու կմնաս իմ աղջնակը, ով ժամանակին դարձավ իմ միակ ու անփոխարինելի գարունը:

 

Աղջի՛կս, ինձ մեկ բաժակ ջուր տուր…

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին