Արման Ղարագուլյան. Իմ աղջիկը - Mediamax.am

2895 դիտում

Արման Ղարագուլյան. Իմ աղջիկը


Լուսանկարը`


Իմ Արփին աստղիկ է: Այնտեղ, որտեղ նա է, ես միշտ տեսնում եմ լույս, հիացմունք, ուրախություն: Արդեն 7 տարի է, ինչ իմ աղջնակը մի փոքրիկ ու պայծառ կետ է իր ողջ շրջապատի համար: Ես նրան ընկալում եմ որպես կյանքի կողմից ինձ մատուցված ամենամեծ նվերներից մեկը: Բայց այդ նվերն ամենեւին էլ գեղեցիկ տիկնիկ կամ խաղալիք չէ...  Ինչպես նկատում է Սոկրատեսը, լավ ղեկավարը ոչ թե նա է, ով անում է այն, ինչը լավ է իր համար, այլ նա, ով անում է այն, ինչ լավ է իր ենթակաների համար: Երեխաների հետ շփման գործընթացում սա նշանակում է կարողանալ մի կողմ դնել սեփական նախապաշարումները եւ փորձել հասկանալ, թե ինչ է իրականում պետք քո զավակին, թափանցել նրա ներաշխարհը եւ գտնելով այնտեղ թաքնված ալմաստները, հղկել եւ վերածել շողշողուն մարգարիտների: Ինչքան հաճախ եմ տեսնում իմ շրջապատում հակառակը...

 

Քաղցր կոնֆետներից ու պաղպաղակից առաջ երեխայի լավագույն սնունդը ընտանիքում ստացած քնքշանքն ու սերն է: Ես եւ՛ օրորոցային եմ երգել, եւ՛ նվագել, եւ´ խնամել, վազել նրա հետեւից, երբ նա կատարում էր իր առաջին քայլերը: Այս ամենին զուգընթաց ես էլ սկսեցի փոխվել՝ ինքս ինձ ճանաչել բոլորովին նոր տեսանկյուններից...  Արդի հասարակությունում, որտեղ տղամարդուն սազական չէ լինել հուզական եւ քնքուշ, իմ փոքրիկ բալիկը ինձ հնարավորություն է տալիս բացահայտել իմ ես-ի թաքնված կողմերը: Հասկացա, թե ինչու են հայրիկները այդքան շատ սիրում իրենց աղջիկներին....

 

Ինչպիսի՞ն նա կլինի ապագայում: Ավելի հասուն, բայց այնպիսին ինչպիսին հիմա է՝ խելացի, ինքնուրույն որոշումներ ընդունող, ակտիվ, բազմակողմանի հետաքրքրություններով ապրող: Երգ, պար, լող, մարմնամարզություն, նկարչություն. սրանք իմ աղջկա ներքին հակումների եւ ազատ ընտրության դրսեւորումն են: Ամբողջ ընտանիքով հազիվ ենք հասցնում իր հետեւից:

 

Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր ունենալով հնարավորություններ՝ սահմանափակում են իրենց աղջկա ներուժի զարգացումը իրենց իսկ (նեղ) պատկերացումներով՝ կարծելով, որ դա միանգամայն բավարար է: Վերջերս իմ աղջիկը սկսել է տարվել արեւելյան մարտարվեստներով, եւ քանի դեռ հերթական խմբակի հարցը մնում է չլուծված` Արփին իր հետաքրքրությունը իրացնում է համակարգչային մենամարտային խաղերով: Հայրիկին էլ մնում է վերհիշել իր պատանեկությունը, աղջկա հետ սովորել հայտնի խաղերի հերոսների անունները եւ պատմությունները, ցուցադրական մենամարտեր կազմակերպել ընտանիքի մյուս անդամների համար: Եվ այսպես ավելի լավ է...  Թող իմանա, որ երբեմն սեփական իրավունքների պաշտպանության համար կարող է նույնիսկ մենամարտելու կարիք լինի... Վստահ եմ, ինքն այնքան խելացի է եւ ճկուն, որ իր ներկա կյանքի հնարավոր մարտահրավերներին կկարողանա լիարժեքորեն պատասխանել: Պատահական չէ, որ իմ աղջկա ուսուցիչները իրեն սիրում են նախ եւ առաջ ազատ ու անկաշկանդ մտածելու համար: Ես էլ ներքին հիացմունք եմ ապրում նաեւ մանկական փոքրիկ խորամանկություններից, երբ որ ասենք սեղանից լրացուցիչ կոնֆետ վերցնելու համար ինքը դիմում է բազմաքայլ կոմբինացիաների... Միաժամանակ գիտեմ, որ իր այդ բնավորության գիծը չի ծառայելու այլ մարդկանց վնաս պատճառելու գործին, որովհետեւ իմ աղջկա ներկա ամենամեծ երազանքը փերի դառնալն է, ով կկարողանա օգնել բոլոր մարդկանց: Իմ աղջիկը արդեն ինքնուրույն կարողանում է համացանցում որոնում տալ «ինչպես դառնալ իսկական փերի» թեմայով, ժամանակ առ ժամանակ դուրս է գրում տեխնիկաներ եւ փորձում կիրառել դրանք... իր հայրիկի հետ միասին: Մենք արդեն որոշել ենք, որ եթե հանկարծ գործը գլուխ գա, մեզանից ով ինչ հրաշագործ է դառնալու... Ժամանակը կգա եւ իմ Արփին կհասկանա, որ մարդկանց օգնելու համար ամենեւին էլ պարտադիր չէ փերի լինել, բայց հիմա՝ քանի դեռ ինքն ապրում է հեքիաթային հերոսների աշխարհում, թող սովորի երազել...

 

Պարզ է, որ այսքանից հետո Արփին եւ պապան լավագույն ընկերներ են: Իմ աղջիկը ինձ պատմում է իր հետ տեղի ունեցող իրադարձությունների եւ ապրումների մասին առանց վախենալու, որ կպատժվի: Ես էլ ուշադիր հետեւում եմ իմ աղջկան, բայց եւ թողնում, որ ինքը հունցվի, ինքը խմորվի, ինքը սխալվի ու ինքը աճի... Իր բարի ու ազնիվ նպատակները օգնում են ինձ՝ չկաշկանդել իրեն, եւ պարզապես լսելով իրեն՝ ես նկատում եմ, թե ինչպես են կյանքի վերածվում դաստիարակության մասին իմ իմացած շատ սկզբունքներ: Մյուս կողմից, ես ստանում եմ իմ աղջկա վստահությունը, որ ինձ հետ իր բոլոր խնդիրները ի վերջո կլինեն լուծված:

 

Արդյունքում, իմ աղջիկը արդեն իսկ ակտիվ ու մասնակցային պրոցեսներ ապահովող էակ է, ով այնքան հուզական է, որ կարող է հուզվել մուլտիկի տխուր երաժշտությունից, բայց եւ այնքան գործնական, որ կարող է ստիպել, որ գնանք էդ վատ թուրքերին բացատրենք, որ այդպես չի կարելի... Իմ աղջիկը այս ամենով ցույց է տալիս, որ ինքն իր կյանքն ունեցող փոքրիկ է, ով հիմիկվանից վստահ է որ բազմաթիվ հարցերում որոշում ընդունողն ինքն է:

 

Իմ Արփին իսկական հրաշք է...

 

Հ.Գ. Երեւի Տիեզերքը հասկացավ, թե որքան եմ սիրում ու հասկանում իմ աղջնակին եւ  4,5 տարի անց ինձ եւս մի աղջիկ պարգեւեց... Ես հատուկ նրան մասին չեմ գրում, որովհետեւ երկրոդ հրաշքիս մասին պատմելու համար երկրորդ էսսեն գրելու կարիք կլինի...

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին