Սուրեն Շաբունց. Իմ աղջիկները - Mediamax.am

3112 դիտում

Սուրեն Շաբունց. Իմ աղջիկները


Լուսանկարը`


Նոր ծնունդ… նոր սերունդ…

 

Շատ հաճախ տարվելով սեփական ազգանունը կրողի մոլուցքով ծնողները հրաժարվում են իրենց երեխայից՝ հրաժարվելով այն պարգեւից, որ կոչվում է աղջիկ:

Ունենալով 4 եղբայր եւ գրեթե միշտ շրջապատված լինելով տղամարդկանցով ես միշտ ցանկացել եմ ունենալ աղջիկ երեխա՝ հակառակ կնոջս ցանկության: Նա ինձ միշտ համարում էր տարօրինակ տղամարդ միայն այն պատճառով, որ դուստր էի ուզում ամենից շատ: Առաջին դուստրս ծնվեց 1988թ-ի փետրվարին՝ Ղարաբաղյան շարժման ժամանակ: Սարսափելի դժվար էր նույնիսկ ծննդատուն հասնելը, բայց հանուն դստերս տեսնելու եւ ձեռքերիս մեջ առնելու երջանկության ես պատրաստ էի նույնիսկ աշխարհի մյուս ծայրը հասնել: Ես վստահ էի, որ պարգեւ եմ ստանալու իմ արքայադստերը, ով փոխեց ամեն բան: Սակայն իմ երջանկությունը պիտի կրկնապատկվեր մեկ ու կես տարի անց, երբ ծնվեց մյուս աղջիկս: Անունները՝ Հռիփսիմե եւ Գայանե, արդեն իսկ հուշում են որքան մեծ երկնային երջանկություն մեզ բերեցին նրանք այդ դժվար տարիներին:

 

Երկրորդ դստերս ունենալով՝ կինս սարսափելի տխրել էր: Նրա համար ամեն բան շատ անարդար էր թվում: Վստահ էր, որ երկրորդն պիտի տղա լիներ: Երբեմն ինձ թվում էր թե նա ինձ ատում է, որ աղջիկ ենք ունեցել:

 

Իսկ հիմա…..

 

Հիմա, երբ մեր աղջիկներն արդեն հասուն են: Ունեն իրենց ընտանիքները եւ կայուն մարդիկ են, ովքեր ունեն ամեն բան որով արժի եւ պետք է հպարտանալ: Մի ակնթարթ անգամ չեմ կասկածում, որ շատ տղաներ երբեք չէին դիմանա այն ամենին ինչի միջով անցել են դստրերս: Դժվարությունները չհիշելն մեր տան օրենքներից է, եւ ուստի անդրադառնալ դրանց չէի ցանկանա: Բայց հավատացեք, այն “տղամարդկային ուժը”, որ նրանք ունեն իրենց մեջ, անսահման է: Դիմադրել դժվարություններին՝ միայն առաջ գնալու մղումով: Իմանալ, որ ամեն բան լավ է լինելու, միայն որովհետեւ իրենք այդպես են պլանավորել: Շատ դեպքերում դեմ գնալ հասարակության կարծրատիպերին՝ լինելով իրար ուս ուսի: Հոր համար պարծանք է տեսնել, թե ինչպես են քույրերը ծայրահեղ հավատարմությամբ միմյանց նվիրված: Ավելի կարեւոր է այն, որ ես որպես հայր տեսնում եմ ինչպես են իմ դստրերը հպարտությամբ եւ արժանապատվորեն կրում իմ ազգանունը: Նրանք արժանի զավակներ են:

 

Երկու արեւ, որոնք միշտ փայլել են մեր ընտանիքում ու միշտ մեզ՝ իրենց ծնողներին, հուսադրել, ոգեւորել եւ պահապան եղել: Երբեմն ինձ թվում է նրանք արել են ավելին քան կարող էր ծնողը տալ սեփական երեխային: Նրանք մեզ համար խորհրդատու են, հիմնասյունն մեր տանն:

 

Իմ երկու հպարտություններն, իմ աղջիկներն ինձ միշտ առիթ են տվել գլուխս բարձր քայլելու եւ հպարտությամբ վեր նայելու՝ Աստծուն շնորհակալ լինելու համար:

 

Ես ունեմ այն, ինչի մասին միլլիոնավորներն են երազում: Ունեմ երկու սրբություն: Հիմա արդեն նաեւ թոռնուհի՝ իմ Գաբրիելան: Երբեմն հասարակության մեջ ասում են, - “Գոնե թոռներիցդ մեկը տղա լինի”: Այդ մարդիկ կույր են… կույր, քանի դեռ չեն տեսնում այն մեծագույն արժեքն, որ իր մեջ կրում է “դուստր” բառը:

 

Հետ նայեք մարդիկ… ովքեր են ծնել ձեր մայրերին եւ քույրերին… ուվքեր են հենց ձեզ լույս աշխարհ բերել…

 

Ու պիտի հիմա ծնկի գամ միայն ու բարձր ձայնով գոռամ դեպ երկինք, - “ Շնորհակալ եմ տեր պարգեւիդ համար”:

 

Իմ Շաբունց Քույրիկներ…

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին