Պարույր Սանթրոսյան. Իմ աղջիկը - Mediamax.am

10318 դիտում

Պարույր Սանթրոսյան. Իմ աղջիկը


Լուսանկարը`


Որեշել էի չմասնակցել որեւէ գրական մրցույթի։

 

Առաջին ու միակ մրցութային փորձս տառապանք էր, պատերազմ հողմաղացների հետ։ Ու հիմա էլ մրցույթի կամ մրցանակի համար չէ,  որ գրում եմ։ Գրում եմ, որ կարդա իմ 20 ամյա աղջիկը։ Կարդա  ու կրկին անգամ համոզվի, որ հորը մի բաժակ ջուր տվողը դուստրն է լինում։ Իմ պարագայում՝ երեք աղջիկներիցս մեկն ու մեկը։ Ցանկալի է երեքն էլ, բայց ամեն դեպքում գուցե մեկը ու հենց ինքը՝ ավագը՝ Էլենս։

 

Հիմա արդեն 20 տարեկան ես, ու մի օր կգա քո արքայազնը կամ մի սովորական կիթառահար տղա ու կտանի քեզ իր կյանք։ Նորից։ Նորից, քանզի առաջին անգամ չէ , որ կփորձեն տանել քեզ ինձանից։

 

Չստացվեց իմ առաջին ամուսնությունը։

 

Չստացվեց ու վերջ։ Գուցե նաեւ ես եմ մեղավոր եղել։ Բայց այդ չստացված ամունությունից ծնվեցիր դու, ու մեզ հետ  ու մեզանից առավել  տարար մեծերիս անխոհեմությունները, վեճերն ու բաժանումները։

 

Առաջին անգամ քեզ տարան հենց ծնվածդ օրը։ Ուղիղ երեք ամսով։ Անսովոր բան է ունենալ առաջնեկ ու նրան առաջին անգամ տեսնել երեք ամսականում։

 

Կներես, աղջիկս, հնարավորություն չունեցա փոքրիկ մահճակալիդ կողքին անքուն գիշերներ անցկացնելու, օրորելու , գրկելու…

 

Հետո՝ մի ձմեռային ցուրտ ու մռայլ օր, անսահման քանակությամբ ներս տված օղին ուժ տվեց ինձ ու ես կոտրեցի մեզ բաժանող երկաթյա այն ծանր դուռն ու գիշերվա կեսին վերջապես գրկեցի քեզ։ Երջանկությունն այլ տեսակ չի լինում։

 

Բայց քեզ էլի պիտի փորձեին տանել։

 

Մեկ երկրից, որին համաձայնվեցի անզորությունից ու գուցե ապագադ ապահով տեսնելու ցանկությունից դրդված, մեկ իմ կյանքից՝ երեւի արդեն իսկ բզկտված հոգիս վերջնականապես կոտրելու համար։

 

Հետո ՝ արդեն հասուն աղջիկ դարձած, պիտի գնայիր դու ինքդ, չհասկացված լինելու կասկածանքով ու դեռահասին բնորոշ ինքնավստահությամբ։

 

Բայց ամեն գնալդ սարսափելի էր թե՛ իմ, թե՛ քեզ համար։ Ախր դու իմ կտորն ես, իմ քթից թռած, իմ բազմապատիկ խտացված տեսակը։

 

Հիմա կրկին մենք միասին ենք։ Ու կարծես՝ ամեն ինչ կարգին է։ Ու կարծես ժպիտը վերադարձել է իմ ու քո դեմքերին։ Բայց  ես մի տեսակ ահ ու սարսափի մեջ եմ, թաքուն կամ անթաքույց, քանզի չգիտեմ, թե այս անգամ ո՞վ է լինելու քեզ տանել փորձողը։

 

Գուցե էն կիթառով տղան  կամ գուցե մեկ ուրիշը։

 

Ու ով էլ լինի, կասես նրան, որ ես քեզ շատ եմ սիրում  ու որ դու իմ կտորն ես։

 

Թող քեզ հեռու չտանի։ Հեռուն չեմ սիրում։ Հեռուն երբեմն անվերադարձ է լինում…

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին