Արամ Մարգարյան. Իմ Նատալիկը - Mediamax.am

3039 դիտում

Արամ Մարգարյան. Իմ Նատալիկը


Լուսանկարը`


2013թ-ի փետրվարի 14-ին` սուրբ Վալենտինի օրը, որպես իմ եւ կնոջս ամուր սիրո առհավատչյա, լույս աշխարհ եկավ դուստրս` իմ անուշ եւ քաղցր Նատալին, դրանով իսկ մեզ համար օրացույցում այդ օրը դրոշմելով որպես միմիայն նրա ծննդյան օր:

 

Նատալիկս, ինչպես ես եմ նրան կոչում, դեռ իր մայրիկի փորիկի մեջ ինձ հետ “ծափիկ ծափիկ» էր խախում: Ծնվելուց 10 րոպե անց, երբ նրան մոտեցա թիկունքից եւ շշնջացի` “բարով ես եկել աղջիկս”, գլուխը թեքեց դեպի ինձ, բացեց մեկ աչքը եւ, կարծես ճանաչելով ձայնս, նայեց ինձ: Հուզմունքն ու խինդը խառնեցին ներաշխարհս: Վերցրեցի նրան գիրկս, համբուրեցի փոքրիկ այտն ու հոգիս պոռթկաց` մի կաթիլ արցունք ակամայից աչքիցս դուրս ցայտելով: Նայում էի նրա փոքրիկ ու անօգնական աչքերին ու մտորում, այդյոք կկարողանամ արժանի հայրիկ լինել, արդյոք կկարողանամ` սրտիս ամբողջ սերն ու քնքշանքը նրան նվիրելուց բացի, նաեւ ժամանակին համահունչ ճիշտ դաստիարակություն տալ նրան` մի կողմ թողնելով սեփական նախասիրություններն ու քմահաճույքը: Չէ՞ որ մինչ այժմ ինձ հետ կապված արարքներիս ու նրա հետեւանքների համար հաշվետու էի միմիայն ինձ: Իսկ այժմ իմ առողջությունն ու բարվոքությունը պարտադիր նախապայման է դառնում աղջկաս` հաջողված մանկության եւ երիտասարդության համար: Ես պետք է տոկուն լինեմ, որպեսզի կարողանամ նրան սնուցել եւ պաշտպանել, արժանի ու պիտանի մարդ դարձնել: Նման պատասխանատվության զգացում չէի ապրել դեռ: Նոր ու անծանոթ հուզմունքները մի կողմից, պահի քաղցրությունն ու կարեվորությունը մյուս կողմից քարացրել էին ինձ եւ դարձրել համր: “Երեխային տուր կերակրեմ” խոսքերը լսելուց հետո միայն սթափվեցի:

 

Դեռ մեկ ամսեկանում հայտնաբերեցի, որ նույնիսկ ուժգին լացելու դեպքում, երբ նրան “այ իմ գնդակ, իմ գնդակ” երգը երգելով վերեւ էի թռցնում, անմիջապես հանգստանում էր: Այդ պահից մինչ օրս, երբ աշխատանքից տուն եմ գալիս, մինչեւ “գնդակ, գնդակ” չենք խաղում ոչ կոշիկներս եմ կարողանում հանել, ոչ՝ բաճկոնս, ոչ կնոջս եմ հասցնում բարեւել, միակ բանը որ կարողանում եմ համակրգչիս պայուսակը գետնին դնելն է: Ու չնայաց նրան անընդհատ վերեւ թռցնելուց ձեռքերս հոգնում են, դա ամենահաճելի հոգնածությունն է, որ ես երբեւէ ապրել եմ:

 

Ամեն անգամ տուն մտնելիս`անկախ իմ տնից դուրս գալու պատճառից եւ տեւողությունից, աղջիկս վազելով սլանում է դեպի ինձ եւ ամուր գրկախառնվում հետս: Այնքան հաճելի է ինձ համար այդ պահը, որ խելագարվել կարելի է ուղղակի: Միշտ ինչ-որ մի փոքրիկ բան բերում եմ հետս նրա համար, կլինի դա կոնֆետ, թե միրգ: Եթե նույնիսկ տանը դրանից լինի, միեւնույն է նա իմ բերածը ավելի մեծ ախորժակով է ուտում ու անմիջապես: Իսկ ես անասելի հաճույք եմ ստանում այն փաստից, որ ինձ հյուրասիրած յուրաքանչյուր կոնֆետ պահում եմ ու հանձնում աղջկաս, ինչքան էլ մեծ լինի ցանկությունս այն ուտելու:

 

Նատալիկս մեծ հակում ունի դեպի պարը, գրեթե ոչ մի երաժշտության հանդեպ անտարբեր չի մնում: Նոր-նոր էր սկսել քայլել, երբ արդեն պարում էր, իսկ նրա պարի զուգընկերը ես եմ: “Ստիպում է” ինձ իր հետ պարել, որը ես անում եմ շատ մեծ սիրով: Դեռ վաղուց`մանկական տեսահոլովակներ նայելով, ինքնուրույն սովորում է ամբողջ պարը եւ հետո սովորեցնում ինձ: Շատ զավեշտալի է, որ նա գրեթե ամեն անգամ պետք է նույն հագուկապն ունենա, ինչ տեսահոլովակի հերոսը: Եվ ոչ միայն նա, երբեմն նույնիսկ պահանջում է ինձանից, որպեսզի ես էլ նման կերպ հագնվեմ, օրինակ թիթիեռնիկի թեւեր կրեմ եւ այլն; Նման դեպքերում հանձնվում եմ նրա քմահաճույքին եւ վայելում նրա հետ իր անսահման ուրախությունն ու վառ երեւակայությունը:

 

Նատալիկիս ծնվելուց գրեթե երկու տարի անց մեր ուրախությունը կրկնպատկվեց: Ծնվեց մեր երկրորդ աղջիկը` փոքրիկ եւ հրաշք Անին: Նրանք արդեն լրացնում են միմյանց եւ մեր կյանքը, որպես ծնողներ դարձնում ավելի իմաստալից եւ որն ամենակարեվորն է` հնարավորություն ընձեռնում վայելել աստծու յուրաքանչյուր օրը:

 

Ինչպե’ս եմ ես մինչեւ հիմա ապրել առանց նրանց …

 

Արամ Մարգարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին