Եվ Գարեգին Առաջինը սկսեց չափ տալ - Mediamax.am

exclusive
13584 դիտում

Եվ Գարեգին Առաջինը սկսեց չափ տալ


Գարեգին Ա-ն եւ սարկավագները
Գարեգին Ա-ն եւ սարկավագները

Լուսանկարը` Մայր Աթոռի աշխատակից


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սարկավագները հիշում են 1995-1999 թվականներին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Առաջինի պատահական այցերը միաբանական շենք: Անցնում էր սենյակներով, զրուցում երիտասարդ հոգեւորականների հետ: «Ինձ համար  երիտասարդությունը մարտահրավերներ ընդունելու քաջությունն է, այլ ոչ թե դրանցից խույս տալը: Երիտասարդներին հատուկ է որեւէ բան փոխելու ձգտումը, նույնիսկ այն, ինչը միշտ համարվել է անխախտ: Եթե երիտասարդների մեջ այդպիսի վճռականություն կա, կարծում եմ, որ նրանք կգտնեն բոլոր ձեւական արգելքները հաղթահարելու միջոցները, եւ կբերեն այն թարմ օդը, որի կարիքն ունեն Եկեղեցիները: Մի խոսքով, երիտասարդությանը պետք է վստահել…»:

 

Վեհարանի մուտքի առջեւ երգող սարկավագներին չափ տվող Գարեգին Առաջինի լուսանկարի գոյության մասին Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն անցյալ տարի է իմացել: Նա նկարում պատկերված երիտասարդ հոգեւորականներից մեկն է (առաջին շարքի ձախ անկյունում): Ավելի քան 20 տարի անց Բագրատ սրբազանը հիշում է երիտասարդ սարկավագների համար զարմանալի եւ հուզիչ այդ պահը:

 

«Գարեգին Առաջինը դասավանդում էր ճեմարանում, եւ շաբաթը մեկ անգամ սարկավագներին առանձին դասավանդություն էր անում: Եթե նույնիսկ հովվական, հայրապետական ուղեւորությունների էր լինում, վերադառնալիս անպայման դասերը վերականգնում էր, արտաժամյա դասընթացներ էր անում, որովհետեւ իր համար առանցքային նշանակություն ուներ սերնդի պատրաստությունը:

 

Օրինակ ունենալով արեւմուտքում Christmas carols՝ Սուրբ Ծննդյան երգերը, ցանկություն էր հայտնել, որ մենք էլ Հայաստանում մեր հայկական Սուրբ Ծննդյան երգերի այդպիսի մի համադրություն ունենանք: Հոգելույս վեհափառ Գարեգին Ա-ի փափագն էր, որ հատկապես Սուրբ Ծննդյան երգերը, շարականները հասանելի լինեին, հնչեին փողոցներում, տներում, խանութներում, ամենուր, մարդիկ լսեին, սովորեին: Այդ նպատակով ինձ հանձնարարեց երիտասարդ հոգեւորականներից խումբ կազմել, փորձեր կազմակերպել, որ կարողանանք մեր Սուրբ Ծննդյան երգերը վեր հանել եւ պատրաստել ձայնագրության:

 

Նկարն արվել է սարկավագների հետ հանդիպումներից մեկի ժամանակ: Վեհափառը մեզ հատուկ պահեց այդ օրը՝ լսելու համար, թե ինչպես ենք երգում: Իր սովորության համաձայն՝ միանգամից սկսեց չափ տալ: Մեզ համար զարմանալի էր, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը մեր՝ սարկավագներիս առաջ կանգնած, խմբավարություն է անում, թե ինչպես պիտի երգենք, ինչ զգացումով, ինչ արտահայտությամբ: Եթե այս պահին ուզենամ, կհիշեմ, որ այդ դրվագում կատարում էինք մկրտության երգերը՝ «Ով զարմանալի» եւ «Այսօր ձայնն Հայրական»: Վեհափառը բացատրում էր նաեւ այդ երգերի հոգեւոր խորքը, Քրիստոսի մկրտության աստվածաբանությունը: Այդ պահը մեզ համար՝ որպես երիտասարդ սարկավագներ, եՙւ ուսուցողական էր, եՙւ հուզիչ էր, եՙւ ազդեցիկ էր, եՙւ զարմանալի:

 

Գարեգին Առաջինը մանկան պես ուրախանում էր յուրաքանչյուր այսպիսի փոքրիկ առաջխաղացմամբ: Գոհ էր, որովհետեւ տեսնում էր առնվազն մեր ջանքը, ցանկությունը, աշխատանքը, եւ փորձում էր, որ ծրագիրն անպայման իրականացվի: Տարբեր պատճառներով, հավանաբար՝ զբաղվածության եւ այլն, մեր կազմած խմբի ձայնագրությունը չհաջողվեց: Բայց ծրագիրը հետագայում այլ կերպով իրականացավ. Սուրբ Ծննդյան երգեր ձայնագրվեցին պրոֆեսիոնալ երգչախմբերի, մենակատարների միջոցով»:

 

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին