Ռոք-համերգ մեկ ընտանիքի համար` Սիսիանի սարերում - Mediamax.am

exclusive
22633 դիտում

Ռոք-համերգ մեկ ընտանիքի համար` Սիսիանի սարերում


Լուսանկարը` © Gagik Harutyunyan


2017 թվականին Երեւանում ցուցադրվում էին լուսանկարիչ Գագիկ Հարությունյանի գործերը: Մեդիամաքսի խնդրանքով Գագիկ Հարությունյանը պատմել է լուսանկարներից մի քանիսի ստեղծման պատմությունը:

 

Փարիզ գործուղման մեկնելիս՝ Գագիկ Հարությունյանը, Հեմինգուեյի «Տոն, որը միշտ քեզ հետ է» վեպի հիշողությամբ, որոշել էր մի տեղ նստել, սուրճ խմել: «Սովետական տուրիստը փող չուներ, խնայողություններս էի պահել»,- հիշում է: Վազքը շատ էր, չհասցրեց «զգալ» Փարիզը:

 

Խորհրդային տարիներին ԱՕԿՍ-ում՝ Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերությունում աշխատանքը Գագիկ Հարությունյանին հնարավորություն էր տվել շրջել աշխարհով:  Խորհրդային միության, եվրոպական, աֆրիկյան երկրները տեսնելուց հետո եզրակացրեց՝ ամեն տեղ նույն մարդն է՝ իր արատներով ու առաքինություններով, միայն որոշ արտաքին «աննմանություններ» կան:

 

«Ինձ ինչ տվել է, այս երկիրն է տվել՝ Հայաստանում շրջելը, մարդկանց հետ զրուցելը»,-ասում է լուսանկարիչը:

 

Այդ շրջագայություններից մեկի ժամանակ էլ ներկա է գտնվում գյուղական

rոք-համերգին:

 

«Խորհրդային տարիներին գոյություն ունեին խմբեր, որոնց, կարծեմ, ագիտբրիգադ էին ասում: Այդ խմբերը գնում էին գյուղեր՝ համերգների: Այս նկարն արել եմ Սիսիանի արոտավայրերից մեկում:

 

Լավ չեմ հիշում՝ ինչ էի նկարում, մեկ էլ կիթառի ուժեղ ձայն եկավ, բարձրախոսները պայթում էին, այն էլ՝ սարերում: Ամեն ինչ թողեցի, վազեցի: Խումբը եկել էր, որ սարերում կով պահող, կով կթող չարքաշ ժողովրդին ուրախացներ: Մի ընտանիք էր նստած՝ 5-6 մարդ: Փոխանակ մի երգիչ բերեին, ռոք-խումբ էին բերել. նրանք ուր, ռոք խումբն ուր…Բայց նստեցին, լսեցին՝ սպասելով, որ հետո ինչ-որ երգ պատվիրեն»:

 

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին