Մայիսի վերջին ՀՀ-ն կստորագրի Միասնական տնտեսական տարածքին միանալու փաստաթուղթը - Mediamax.am

3457 դիտում

Մայիսի վերջին ՀՀ-ն կստորագրի Միասնական տնտեսական տարածքին միանալու փաստաթուղթը


Արտակ Զաքարյանը
Արտակ Զաքարյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանն այսօր ասել է, որ մայիսի վերջին Հայաստանը կստորագրի Մաքսային միության հենքի վրա կազմավորվող Միասնական տնտեսական տարածքին միանալու վերաբերյալ փաստաթուղթը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Արտակ Զաքարյանն ասել է, որ փաստաթղթի ստորագրումից եւ ներպետական գործընթացների հաջող ավարտից հետո Հայաստանը կդառնա Միասնական տնտեսական տարածքի հիմնադիր անդամ:

   

«Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու գործընթացն ընթանում է նորմալ հունով, այն չի ձգձգվում: Կան հարցեր, որոնք միջպետական բնույթ են կրում եւ առնչվում են այլ երկրների հետ տնտեսական շահերի համադրմանը»,- նկատել է Արտակ Զաքարյանը:

 

Պատգամավորի խոսքերով, Հայաստանի մասնակցությունը Միասնական տնտեսական տարածքին թույլ կտա առավել բարվոք տնտեսական միջավայր ունենալ, հարաբերվել նոր շուկաների հետ եւ առանց մաքսերի իրականացնել առեւտրային հարաբերություններ:

 

Միեւնույն ժամանակ, Արտակ Զաքարյանը հավաստիացրել է, որ Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին չի սահմանափակի հանրապետության առեւտուրը երրորդ երկրների հետ:

 

«Հայաստանը պատրաստվում է անդամակցել տնտեսական, այլ ոչ թե քաղաքական միության: Այդ միությանն անդամակցելու որոշման հիմքում ընկած են տնտեսական, էներգետիկ եւ պարենային անվտանգության հարցերը: Այն չի ենթադրում Հայաստանի` ինքնիշխան որոշումներ կայացնելու հարցում սահմանափակումներ: Երրորդ երկրների հետ մենք շարունակելու ենք կառուցել մեր հարաբերություններն այնպես, ինչպես դա արել ենք մինչ այժմ»,- ասել է պատգամավորը:

 

Նրա խոսքերով, պաշտոնական Երեւանը շահագրգռված է շարունակել եւ խորացնել Եվրամիության հետ համագործակցությունը հումանիտար, մշակութային,  ժողովրդավարության, բարեփոխումների ոլորտում: Նրա խոսքերով, այս նպատակով արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ, որն ուսումնասիրում է ԵՄ-ի հետ հետագա ոլորտային համագործակցության հեռանկարները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին