Հայաստանը հետաքրքրված չէ պատերազմով եւ պատրաստ է պայքարել խաղաղության համար, ՄԱԿ-ում հայտարարել է Զոհրաբ Մնացականյանը - Mediamax.am

5047 դիտում

Հայաստանը հետաքրքրված չէ պատերազմով եւ պատրաստ է պայքարել խաղաղության համար, ՄԱԿ-ում հայտարարել է Զոհրաբ Մնացականյանը


Զոհրաբ Մնացականյանը
Զոհրաբ Մնացականյանը

Լուսանկարը` Մեդիամաքս:


Երեւան: Մեդիամաքս: ՄԱԿ-ում ՀՀ դեսպան, մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ Հայաստանը խորապես հետաքրքրված է հակամարտությունների կանխարգելման արդյունավետ մեխանիզմի հաստատման խնդրով` լինի դա միջազգային կամ տարածաշրջանային մակարդակներով:

Այդ մասին նա ասել է օգոստոսի 21-ին ՄԱԿ-ի ԱԽ-ում տեղի ունեցավ «Հակամարտությունների կանխարգելում. միջազգային խաղաղության և անվտանգության պահպանում» խորագրով բաց քննարկման ժամանակ, որին մասնակցեցին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը, Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նավի Փիլայը, ինչպես նաև շուրջ վեց տասնյակ անդամ պետությունների ներկայացուցիչներ:

 

«Կանխարգելումը անհրաժեշտ է ոչ միայն հնարավոր հակամարտության ծագման, այլեւ իր վերջնական կարգավորումը չստացած հակամարտությունների դեպքում: Խոսքը վերաբերվում է նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցին, որի բնակչության ինքնորոշման իրավունքի իրագործման դեմ Ադրբեջանը սանձազերծեց լայնամասշտաբ պատերազմ՝ ոտնահարելով ՄԱԿ-ի կանոնադրությունը», - ասել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը:

 

«Վերջին շաբաթների ընթացքում աշխարհն ականատես եղավ ԼՂ ու Ադրբեջանի միջեւ շփման գծի և հայաստանա-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով զինադադարի ռեժիմի բազմակի խախտումների եւ ադրբեջանական զինուժի կողմից սադրիչ-դիվերսիոն գործողությունների կտրուկ աճին, ինչը մարդկային զոհերի պատճառ դարձավ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում», - նշել է Զոհրաբ Մնացականյանը:

 

«Հայաստանը հետաքրքրված չէ պատերազմով եւ պատրաստ է պայքարել խաղաղության համար», - շեշտել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը:

 

Զոհրաբ Մնացականյանը նաեւ նկատել է, որ վստահության ամրապնդման միջոցներ են անհրաժեշտ, այսինքն՝ «խիստ հավատարմություն 1994թ. եւ 1995թ. զինադադարի համաձայնություններին, ինչպես նաեւ այլ վստահելի միջոցներին, որոնք պետք է իրականացվեն, այնքան արագ, որքան հնարավոր է»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին