Բաքվի շուկայում չենք եւ առեւտրով չենք զբաղվում. ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը արձագանքել է Ադրբեջանի փոխվարչապետի հայտարարությանը - Mediamax.am

4999 դիտում

Բաքվի շուկայում չենք եւ առեւտրով չենք զբաղվում. ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը արձագանքել է Ադրբեջանի փոխվարչապետի հայտարարությանը


Արծրուն Հովհաննիսյանը
Արծրուն Հովհաննիսյանը

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն արձագանքել է Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովի հայտարարությանը գերիների փոխանակման վերաբերյալ՝ նշելով, որ «դեռեւս Բաքվի շուկայում չենք գտնվում եւ առեւտրով չենք զբաղվում»:

«Մենք խստորեն պահպանում ենք մարդասիրական հումանիտար սկզբունքները եւ նախապայմաններ չենք ներկայացնում ու ընդունում։ Ուղղակի հարգելով Կարմիր խաչի կազմակերպության ջանքերը այդ ուղղությամբ՝ պարբերաբար դիմում ենք վերջինիս աջակցությանը ՀՀ եւ ԼՂՀ քաղաքացիների վերադարձը կազմակերպելու համար։ Ադրբեջանի տվյալ պաշտոնյայի հայտարարությունը գռեհիկ ապատեղեկատվություն է»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում:

 

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Ալի Հասանովը հայտարարել է, որ ադրբեջանական կողմն առաջարկել էր Հայաստանի ՊՆ-ին փոխանակել 5 անդամից բաղկացած հայ ընտանիքին եւ գերության մեջ մահացած հայի դին (Կարեն Պետրոսյանի - խմբ.) Հայաստանում գերության մեջ գտնվող Շահբազ Գուլիեւի ու Դիլգամ Ասքերովի, ինչպես նաեւ սպանված Հասան Հասանովի դիի հետ:

 

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ վերոհիշյալ անձինք ադրբեջանցի դիվերսանտներ են: Նրանք վնասազերծվել են եւ ձերբակալվել հուլիսի 10-ին Քարվաճառում: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այդ առիթով նշել էր, որ նրանք չեն կարող դիտարկվել գերիների կարգավիճակում, քանի որ հանցագործ են եւ պետք է դատապարտվեն ԼՂՀ եւ միջազգային օրենսդրությանը համապատասխան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին