ՀՀԿ պատգամավոր. ՀՀ-ի համար կարեւոր է, որպեսզի ՆԱՏՕ-ն եւ Ռուսաստանը «պահպանեն երկխոսության խողովակը» - Mediamax.am

3222 դիտում

ՀՀԿ պատգամավոր. ՀՀ-ի համար կարեւոր է, որպեսզի ՆԱՏՕ-ն եւ Ռուսաստանը «պահպանեն երկխոսության խողովակը»


Կորյուն Նահապետյանը
Կորյուն Նահապետյանը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Կորյուն Նահապետյանն այսօր ասել է, որ Հայաստանի համար կարեւոր է, որպեսզի ՆԱՏՕ-ն եւ Ռուսաստանը «պահպանեն երկխոսության խողովակը»:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Կորյուն Նահապետյանն այս մասին ասել է այսօր Երեւանում կայացած «ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ազդեցությունը Հայաստանի եւ Հարավային Կովկասի վրա» թեմայով քննարկման ժամանակ:

 

«Հայաստանի արտաքին քաղաքականությունը հիմնված չէ Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ ընտրություն կատարելու վրա: Հայաստանը պարզ գիտակցում է ազգային անվտանգության իր պահանջները: Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը չպետք է դիտարկել որպես Հյուսիսատլանտյան դաշինքի հետ հարաբերությունների արդյունավետությունը նվազեցնող կամ կասեցնող գործոն»,- ասել է իշխող ՀՀԿ խմբակցության պատգամավորը:

 

Կորյուն Նահապետյանի խոսքերով, Հայաստանը շարունակելու է փոխլրացման քաղաքականությունը՝ փորձելով արդյունավետ համագործակցության եզրեր գտնել շահագրգիռ բոլոր գործընկերների հետ՝ ելնելով սեփական անվտանգության շահերից եւ իրականացնելով իր միջազգային պարտավորությունները:

 

«Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ինքնուրույն ընտրել իր անվտանգության համակարգը, սակայն, միեւնույն ժամանակ, մենք գտնում ենք, որ այդ ընտրությունը չպետք է լրացուցիչ անվտանգության խնդիրներ, լարվածություն կամ բախումներ առաջացնի ինչպես տարածաշրջանի երկրների, այնպես էլ միջազգային անվտանգության համակարգերի միջեւ»,- նշել է պատգամավորը:

 

Նա հավելել է, որ Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի նախագահի մասնակցությունը գալիս է վերահաստատելու պաշտոնական Երեւանի պատրաստակամությունը՝ զարգացնելու Հյուսիսատլանտյան դաշինքի հետ գործընկերային հարաբերությունները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին