Հայաստանը վճռական է զարգացնել հարաբերությունները Եվրամիության հետ - Mediamax.am

3505 դիտում

Հայաստանը վճռական է զարգացնել հարաբերությունները Եվրամիության հետ


Սերժ Սարգսյանը եւ Կարոլոս Պապուլիասը
Սերժ Սարգսյանը եւ Կարոլոս Պապուլիասը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանը վճռական է զարգացնել հարաբերությունները Եվրամիության հետ հնարավոր բոլոր ուղղություններով:

Այս մասին այսօր ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի հետ բանակցությունների արդյունքներով արված իր հայտարարության մեջ:

 

Հայաստանի նախագահն ասել է, որ առանձին դրվատանքի է արժանի երկու պետությունների պաշտպանության նախարարությունների միջեւ հաստատված կառուցողական երկխոսությունը, որի արդյունքում հայ-հունական ռազմական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա:

 

«Հայ զինծառայողները տարիներ շարունակ բարձրորակ կրթություն են ստանում եւ վերապատրաստվում են բարեկամ Հունաստանի ռազմական հաստատություններում: Պատահական չէ, որ միջազգային խաղաղապահ գործողություններում հայ եւ հույն զինծառայողների փոխգործակցությունն արժանացել է ամենաբարձր գնահատականների. մենք 11 տարի Կոսովոյում համատեղ ծառայություն ենք իրականացրել, իրականացրել ենք խաղաղապահ գործողություններ, որոնք արժանացել են համապատասխան միջազգային կառույցների ամենաբարձր գնահատականին», - ասել է Սերժ Սարգսյանը:

 

Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Հունաստանին Հայոց ցեղասպանությունն առաջիններից մեկն օրենքի ուժով ճանաչելու, «իսկ այժմ նաեւ ժխտողականության դեմ պայքարում կատարած կարեւոր օրենսդրական քայլի համար»:

 

«2015 թվականին հայ ժողովուրդը ոգեկոչելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Հայաստանն այդ տարի դառնալու է այդ հանցագործության դեմ միջազգային պայքարի կարեւոր հարթակներից մեկը: Ապրիլին անց է կացվելու «Ցեղասպանության հանցագործության դեմ» վերտառությամբ միջազգային հասարակական-քաղաքական գլոբալ ֆորումը: Ի թիվս այլոց, ֆորումին իրենց մասնակցությունը բերելու համար մենք հրավիրելու ենք բարեկամ հույն ժողովրդի ներկայացուցիչներին, որպես ցեղասպանության ենթարկված Պոնթոսի հույների ժառանգներին: Այսօր ես պարոն նախագահին փոխանցեցի հրավեր՝ մասնակցելու 2015թ. ապրիլի 24-ին Երեւանում տեղի ունենալիք միջոցառումներին», - ասել է ՀՀ նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին