ԵՄ-ի համար կարեւոր է պահպանել սերտ հարաբերությունները Հայաստանի հետ, ասել է Ֆրանսիայի դեսպանը - Mediamax.am

3411 դիտում

ԵՄ-ի համար կարեւոր է պահպանել սերտ հարաբերությունները Հայաստանի հետ, ասել է Ֆրանսիայի դեսպանը


Անրի Ռենոն
Անրի Ռենոն

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում, ասել է, որ Հայաստանը շարունակում է մնալ Եվրամիության համար կարեւոր գործընկեր եւ կողմերին խոստումնալից ապագա է սպասվում:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեսպանը կարեւորել է այն փաստը, որ Մինսկում Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու մասին պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո պաշտոնական Երեւանը վերահաստատել է Եվրամիության հետ համագործակցությունը շարունակելու ցանկությունը:

 

«Հայաստանը շարունակում է մնալ «Արեւելյան գործընկերության» շրջանակներում կարեւոր գործընկեր: Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ապագա համագործակցության ոլորտները հստակ շարադրված են կողմերի միջեւ անցյալ տարի Վիլնյուսում «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի արդյունքում ստորագրված համատեղ հայտարարության մեջ»,- ասել է Անրի Ռենոն:

 

Դեսպանի խոսքերով, Ֆրանսիայի դիրքորոշումը ՀՀ-ԵՄ հարաբերությունների հարցում հստակ ներկայացվել է այս տարի մայիսին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Հայաստան կատարած պետական այցի ժամանակ:

 

«Հայաստանին պետք է հնարավորություն տրվի ստորագրել Ասոցացման համաձայնագիրը՝ չմոռանալով, սակայն, այն պարտավորությունները, որոնք երկիրը ստանձնել է՝ անդամակցելով ԵՏՄ-ին: Եվրամիության համար կարեւոր է պահպանել սերտ հարաբերությունները Հայաստանի հետ»,- ասել է ֆրանսիացի դիվանագետը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին