ԵՄ նոր հանձնակատարը մտադիր է ամրապնդել կապերը Հայաստանի հետ - Mediamax.am

2507 դիտում

ԵՄ նոր հանձնակատարը մտադիր է ամրապնդել կապերը Հայաստանի հետ


Յոհանես Հանը
Յոհանես Հանը

Լուսանկարը` http://www.eumayors.eu


Երեւան: Մեդիամաքս: Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով նոր հանձնակատար Յոհանես Հանը (Johannes Hanh) մտադիր է ամրապնդել Հայաստանի հետ համագործակցությունը:

Մեդիամաքս-ը նշում է, որ Յոհանես Հանը 2010թ.-ից ի վեր զբաղեցրել է տարածաշրջանային քաղաքականության հարցերով Եվրոպական հանձնակատարի պաշտոնը, միեւնույն ժամանակ հանդիսանալով Եվրոպական ժողովրդական կուսակցության փոխնախագահը: 2007-2009թթ. նա զբաղեցրել է Ավստրիայի գիտության եւ հետազոտության նախարարի պաշտոնը: 

 

Եվրամիության նոր հանձնակատարը, ով ստանձնելու է իր պարտականությունները նոյեմբերի 1-ից, մոտ մեկ ամիս առաջ խորհրդարանական լսումների ժամանակ ներկայացրել էր իր մոտեցումները մի շարք հարցերի վերաբերյալ: Մեդիամաքս-ը առանձնացրել է դրանցից մի քանիսը: 

 

Եվրամիության Հարեւանության քաղաքականության հեռանկարների մասին

 

Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան արեւելքում, ինչպես նաեւ Մարոկկոն եւ Թունիսը հարավում պատրաստ են առաջ ընթանալ բարեփոխումների ճանապարհով եւ շատ սերտ կապեր ձեւավորել ԵՄ հետ:

 

Ես վճռական եմ ապահովել ցանկացած աջակցություն Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովային համար:

 

Այլ երկրների հետ համագործակցությունը որոշ դեպքերում կարող է լինել սակավ հավակնոտ եւ անհրաժեշտ է, որ մենք անդրադառնանք այն հարցին, թե հետագայում ի՞նչ պետք է անենք, որպեսզի անհատական հիմքի վրա շարունակենք հարաբերությունների զարգացումը:

 

Ես ցանկանում եմ ամրապնդել համագործակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, ինչպես նաեւ ընդարձակել վճռորոշ փոխգործակցության քաղաքականությունը Բելառուսի հետ:

 

Ես պատրաստ եմ աջակցել Ֆեդերիկա Մոգերինիին՝ մեր արեւելյան հարեւանությունում սառեցված հակամարտությունների լուծման եւ աջակցման գործում ԵՄ-ի դերը բարձրացնելու գործում:

 

Եվրոպական հանձնաժողովի նոր նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հանձնարարել է ինձ պաշտոնավարմանս առաջին տարվա ընթացքում ներկայացնել նոր ուղիներ ԵՀՔ-ն առաջ տանելու համար: Ես լայն քննարկումներ եմ անցկացնելու այս հարցի շուրջ, բայց ցանկանում եմ մի քանի բան շեշտել.

 

Առաջինը, մենք միշտ ասել ենք, որ ԵՀՔ-ն պետք է ունենա տարբերակված մոտեցում յուրաքանչյուր երկրի նկատմամբ: Ժամանակն է, որ մենք դա իրականություն դարձնենք:

 

Երկրորդը, մեր քաղաքականությունը պետք է ավելի ճկուն լինի, ինչը թույլ կտա մեզ արագ արձագանքել այն դեպքերում, երբ գործընկերները մեր կարիքը զգան:

 

Երրորդը, ես ցանկանում եմ վստահ լինել, որ մենք ունենք անհրաժեշտ գործիքներ  առանցքային հարցերի շուրջ (էներգետիկա, առեւտուր, միգրացիա) համագործակցության համար:

 

Չորրորդը, մենք պետք է ամրապնդենք մեր հարաբերությունները հարեւանների հետ եւ ներգրավենք քաղաքացիական հասարակության ավելի լայն շերտերը, այդ թվում՝ բիզնեսը:

 

Ռուսաստանի հետ երկխոսության հնարավորությունների մասին

 

Չնայած նրան, որ ուկրաինացի եւ այլ արեւելաեվրոպական երկրների դիվանագետները մտավախություն ունեին Յոհանես Հանի թեկնածության վերաբերյալ, հաշվի առնելով, որ Ավստրիան համարվում է Ռուսաստանի հետ ամենասերտ կապեր ունեցող ԵՄ անդամ-պետություններից մեկը, նա վերահաստատել է Եվրամիության ընդհանուր կոշտ մոտեցումը:

 

Ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծմանը լինելու է իմ առաջնահերթությունը նոր պաշտոնում: 

 

Եվրամիությունը ցանկանում է առաջ շարժվել Ռուսաստանի հետ երկխոսություն հարցում, սակայն Ռուսաստանը չպետք է թերագնահատի Եվրամիության վճռականությունը պաշտպանել իր սկզբունքները… մինչեւ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը չվերականգնվի, մենք չենք կարող որեւէ զիջումների գնալ:

 

Պատժամիջոցները Ռուսաստանի դեմ պետք է պահպանվեն եւ Մոսկվան վետոյի իրավունք չունի իր հարեւանների որոշումների հարցում:

 

Ռուսաստանը պետք է նաեւ հասկանա, որ ԵՄ-ի Հարեւանության քաղաքականության եւ Արեւելյան գործընկերությունը ուղղված չեն Ռուսաստանի դեմ:

 

Թուրքիայի եվրաինտեգրման հեռանկարների մասին

 

Արձագանքելով պատգամավորներից մեկի դիտարկմանը, որ Թուրքիայում ավելի շատ լրագրողներ են ձերբակալվում, քան Չինաստանում կամ Իրանում, Յոհանես Հանն ասել էր.

 

Անընդունելի է, երբ մարդն կալանքի տակ է հայտնվում խոսքի ազատության հետ կապված հարցերի պատճառով: Համոզված եղեք, որ մեր անդամակցության բանակցություններում ես բարձրացնելու եմ այս խնդիրը:

 

ԵՄ-Թուրքիա բանակցություններում որեւէ նոր գլուխ չի բացվելու մինչեւ Անկարան ժամանակի ընթացքում չապացուցի, որ լուրջ է տրամադրված:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին