Տրայան Հրիսթեա. ՀՀ-ԵՄ կապեր՝ ի՞նչ են դրանք հայաստանցիների համար - Mediamax.am

7180 դիտում

Տրայան Հրիսթեա. ՀՀ-ԵՄ կապեր՝ ի՞նչ են դրանք հայաստանցիների համար


Տրայան Հրիսթեան
Տրայան Հրիսթեան

Լուսանկարը` Photolure


Մեդիամաքսը ներկայացնում է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հոդվածը:

2009 թվականին Լիսաբոնի հռչակագրի ուժի մեջ մտնելուն զուգահեռ ԵՄ բոլոր գերատեսչություններում կատարվեցին լուրջ փոփոխություններ, որոնցից ամենանշանավորը Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության ստեղծումն էր 2011 թվականի հունվարին: Դիվանագիտական առաքելությունս Հայաստանում սկսեցի 2011 թվականի դեկտեմբերին, երբ Հայաստանում ԵՄ պատվիրակությունը, վերոնշյալ Լիսաբոնի հռչակագրի արդյունքում արդեն ներկայացնում էր Եվրոպական միությունը որպես ամբողջական կառույց, միաժամանակ համագործակցելով եւ բանակցելով Հայաստանի իշխանությունների հետ միասնական ԵՄ ձայնով ու մանդատով:  Եվ ահա՝ ես ստանձնեցի ԵՄ Հայաստան հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը   նպաստելու պատասխանատվությունը:

 

ԵՄ-ն համոզված է, որ Հայաստանի հետ գործընկերությունը խիստ կարեւոր է, եւ մենք ձգտում ենք երկկողմանի համաձայնությունների իրականացման միջոցով խորացնել հարաբերությունները  համընդհանուր արժեքների՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների եւ շուկայական տնտեսության խթանման ուղղությամբ: Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալ Տուսկը ս.թ. հուլիսի 20-ին Հայաստան կատարած իր այցելության ընթացքում վերստին ընդգծեց ԵՄ-Հայաստան հարաբերությունների կարեւորությունը: Վերջին չորս տարիների ընթացքում մեր գործընկերությունը Հայաստանի հետ իրականացվել է «Եվրոպական հարեւանության քաղաքականության» (ԵՀՔ) շրջանակներում, որը Եվրոպական միության եւ սահմանակից երկրների միջեւ համագործակցության հիմնական ձեւաչափն է:

 

«Արեւելյան գործընկերությունը» նոր թափ հաղորդեց ԵՄ-Հայաստան հարաբերություններին: Այն նպաստեց երկկողմ հարաբերությունների խորացմանը եւ կառուցեց ամուր հարթակ համընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցության եւ երկխոսության հաստատման համար:

«Արեւելյան գործընկերությունն» իր նպաստն է բերում նաեւ քաղաքացուն, քանի որ այն ստեղծվել է այդ արժեքների իրացմանն ուղղված բարեփոխումների գործընթացին աջակցելու նպատակով եւ հիմնված է գործընկեր երկրների ազատ կամքի եւ սեփական ձգտումների վրա: Այդ բարեփոխումները պահանջում են ամուր քաղաքական կամք եւ մշտական ջանքեր: Բարեփոխումները ծախսատար են եւ լի են մարտահրավերներով. մենք դիմակայում ենք այդ մարտահրավերները եւ համապատասխան հետեւություններ անում:

 

Գրեթե երեք եւ կես տարի տեւած լայնածավալ եւ ընդգրկուն բանակցություններից հետո 2013 թվականի հուլիսին ԵՄ-ն եւ Հայաստանը ամփոփեցին նոր Ասոցացման համաձայնագրի եւ դրա մասը կազմող Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ (ԱՀ/ԽՀԱԱԳ) բանակցությունները: ԱՀ/ԽՀԱԱԳ նպատակն էր ԵՄ աջակցության միջոցով թույլ տալ Հայաստանին իրականացնել երկրի համակողմանի արդիականացման եւ բարեփոխումների  ծրագիրը՝ հիմնվելով քաղաքական ասոցացման, տնտեսական ինտեգրման եւ համընդհանուր արժեքների վրա: Գործնականում՝ նպատակն էր օգնել երկրում բարեփոխումների իրականացման քաղաքական կամքի փոխակերպմանը իրավական պարտավորության:

 

2013 թվականի սեպտեմբերին Հայաստանը որոշեց չստորագրել ԱՀ/ԽՀԱԱԳ-ն Եվրամիության հետ, նախընտրությունը տալով Եվրասիական տնտեսական միությանն (ԵՏՄ) անդամակցությանը: Հաշվի առնելով, որ ԵՄ-ն միշտ խորապես հարգում է իր գործընկերների լիիրավ որոշումները, ԵՄ-ն հավատարիմ մնաց Հայաստանի հետ հարաբերությունների հետագա խորացմանը, եւ «Արեւելյան գործընկերության» ձեւաչափում երկկողմ համագործակցության ամրապնդմանը բոլոր այն ուղղություններով, որոնք համատեղելի են Հայաստանի նոր ընտրության հետ: Սա կրկին անգամ վկայում է այն մասին, որ Եվրամիությունը խիստ կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունները:

 

Նոր իրադարձությունների լույսի ներքո, 2013 թվականին «Արեւելյան գործընկերության» Վիլնյուսի գագաթաժողովում ԵՄ-ն եւ Հայաստանը ճանաչեցին ԱՀ/ԽՀԱԱԳ բանակցությունների ամփոփումը եւ համաձայնության եկան ԵՄ-Հայաստան Գործողությունների Ծրագրի վերանայման անհրաժեշտության շուրջ: Միաժամանակ համաձայնություն ձեռք բերվեց վերանայել մեր հարաբերությունների հիմքերը՝ ընդլայնելով համագործակցության առկա շրջանակը:

 

Այդուհանդերձ՝ երկկողմ հարաբերությունները շարունակում էին զարգանալ տալով շոշափելի արդյունքներ:  Նախ եւ առաջ, մենք հասել ենք ամուր եւ բաց քաղաքական եւ ոլորտային երկխոսության հաստատմանը: 2014 թվականի հունվարին ուժի մեջ մտան ԵՄ-Հայաստան «Մուտքի արտոնագրերի դյուրացման եւ Ռեադմիսիայի համաձայնագրերը»; 2014 թվականի մարտից Հայաստանը մասնակցում է ԵՄ ծրագրերին եւ գործակալություններին: «Մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի» շնորհիվ ՀՀ քաղաքացիներին՝ հատկապես հաճախ մեկնողներին ավելի դյուրին եւ մատչելի պայմաններում կտրամադրվեն կարճաժամկետ վիզաները՝ հնարավորություն տալով ազատ ճամփորդել Շենգենյան գոտու տարածքում: Միաժամանակ, այն հնարավորություն է տալիս վերադառնալ հայրենիք եւ կիսել ստացած հմտություններն ու փորձը: 

 

2015 թվականի մայիսին մենք մեր հայաստանյան գործընկերների հետ ավարտեցինք խորհրդակցությունները ԵՄ-Հայաստան հարաբերությունների ապագայի շուրջ, նպատակ ունենալով վերանայել ԵՄ-Հայաստան հարաբերությունների իրավական շրջանակը եւ բացահայտել ապագա համագործակցության հնարավոր ուղղությունները: Երկու կողմերի նպատակն էր սահմանել ԵՄ-Հայաստան հարաբերությունների հավակնոտ շրջանակ հնարավորին պահպանելով արդեն բանակցված նախագծային ԱՀ/ԽՀԱԱԳ-ն՝ միաժամանակ հաշվի առնելով Հայաստանի նոր միջազգային պարտավորությունները: Բանակցությունները ԵՄ-Հայաստան նոր իրավական շրջանակային փաստաթղթի շուրջ կմեկնարկեն շուտով:

 

2015 թվականի մայիսին տեղի ունեցավ «Արեւելյան գործընկերության» Ռիգայի գագաթաժողովը, որի ընթացքում ամփոփվեցին նախորդ՝ Վիլնյուսի գագաթաժողովից ի վեր եղած ձեռքբերումներն ու քննարկվեց «Արեւելյան գործընկերության» հետագա ընթացքը: Գագաթնաժողովը վերահաստատեց, որ ԵՄ-ն շարունակում է սերտ համագործակցությունը Հայաստանի հետ. գագաթաժողովի մասնակիցները վերահաստատեցին ԵՄ կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում իրենց լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին, ողջունեցին Եվրամիության եւ Հայաստանի միջեւ նոր շրջանակային փաստաթղթի շուրջ ձեռք բերված փոխադարձ համաձայնությունը,  կարեւորեցին  Արեւելյան Եվրոպայի էներգետիկ արդյունավետության եւ բնապահպանության շուրջ գործընկերության ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը, ողջունեցին «Մուտքի արտոնագրերի դյուրացման եւ Ռեադմիսիայի համաձայնագրերի» իրականացման հաջող ընթացքը եւ պատրաստակամություն հայտնեցին մոտ ապագայում Հայաստանի հետ մեկնարկել արտոնյալ քաղաքականության շուրջ երկխոսությունը, եթե Հայաստանը պահպանի «Մուտքի արտոնագրերի դյուրացման եւ Ռեադմիսիայի համաձայնագրերի» լիարժեք իրականացման կայուն առաջընթացը: Միաժամանակ, գագաթաժողովը ուղի հարթեց «Հորիզոն 20/20» ծրագրին Հայաստանի ասոցացման համաձայնագրի ամփոփման եւ մոտ ապագայում ԵՄ-Հայաստան Ավիացիայի համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկի համար: 

 

Խորը փոխակերպումը Հայաստանում վերաբերում է հասարակության բոլոր շերտերին: Այլ կերպ ասած, համարձակ բարեփոխումների համար անհրաժեշտ  է ամուր աջակցություն ներսից: ԵՄ-ն խրախուսում է ՀՀ իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության միջեւ երկխոսության ձեւավորումը, մասնավորապես ՔՀԿ Հայաստանյան ֆորումի Ազգային պլատֆորմի միջոցով: Նախագահ Տուսկի այցելության ընթացքում ՀՀ նախագահ Սարգսյանն իր խոսքում ընդգծեց, որ Հայաստանի զարգացումը չի կարելի պատկերացնել առանց բարեփոխումների, իսկ բարեփոխումներն էլ չի կարելի պատկերացնել առանց եվրոպական փորձի կիրառման եւ ԵՄ օժանդակության: Այդպիսով, համոզված եմ, որ երկուստեք հանձնառությամբ բարեփոխումները կհաջողվեն:

 

Ինձ հաճախ են հարցնում, թե ի՞նչ է ԵՄ-ն փաստացի անում Հայաստանի համար: Քաջ հայտնի է, որ Եվրամիությունը Հայաստանի զարգացման համագործակցության ամենախոշոր դոնորն է ամբողջ աշխարհում: 2011-2015 թվականներին ԵՄ երկկողմ աջակցությունը Հայաստանին կազմել է շուրջ 220 միլիոն եվրո: ԵՄ աջակցության չափը երբեմն տեսանելի չէ եւ հաճախ պատշաճ չի գնահատվում, քանի որ կատարված գործողությունների ամբողջական արդյունքը դժվար է չափել: Սա հաշվի առնելով, թույլ տվեք ստորեւ ներկայացնել Հայաստանի տարբեր ոլորտներում մեր գործընկերների հետ իրականացված համատեղ ձեռքբերումների որոշ օրինակներ:

 

ԵՄ-ն ֆինանսավորել է միջին մասնագիտական կրթության (ՄԿՈՒ) 12 տարածաշրջանային քոլեջների հիմնանորոգումը: Միջոցներ են ստացել միջին մասնագիտական եւս 7 կրթական հաստատություններ, ինչը կրթական ավելի լավ պայմաններ է ապահովել ավելի քան 9050 ուսանողի համար: Ներկայում գրեթե 1000 հայ ուսանողներ եւ դասախոսներ օգտվում են Էրազմուս եւ Տեմպուս կրթաթոշակներից Եվրոպական համալսարաններում: Հայաստանյան 21 համալսարաններ ներկայում ներգրավված են կրթական ծրագրերի մեջ՝ Եվրոպական հաստատությունների հետ կրթական փոխանակման ծրագրերի միջոցով: 

 

ԵՄ-ն աջակցում է արդարադատության համակարգի անկախության եւ արհեստավարժության զարգացմանը: Մինչ այժմ՝ կառուցվել են 10 դատարաններ եւ հիմնանորոգվել են 2-ը: ԵՄ-ն աջակցել է էլեկտրոնային նոտար համակարգի ներդրմանը, նպաստել է դատավորների եւ դատարանների աշխատակիցների ուսուցման ու վերապատրաստման ընդլայնմանը: Միջազգային եւ տեղացի փորձագետներից կազմված աշխատանքային խումբը աջակցել է «ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի», «Նոտարիատի մասին» եւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքների վերանայմանը: Արդարադատության համակարգի բարեփոխումները շարունակվելու են:

 

Գյուղատնտեսության ոլորտում, Եվրոպական հարեւանության գյուղատնտեսության ու գյուղական համայնքների զարգացման ծրագիրը (ENPARD) աջակցում է ավելի քան 30 000 ֆերմերների վերապատրաստմանը՝ նպաստելով նրանց եկամուտի բարձրացմանը: Բոլոր մարզերում կստեղծվեն պիլոտային կոոպերատիվներ, 30 ագրո-բիզնեսներ կստանան աջակցություն: Բացի այդ, նախատեսվում է ավելի զարգացնել օրգանական ֆերմերությունը եւ ընդլայնել գյուղատնտեսական կրթությունն ու ուսուցումը ուսանողներին տրամադրելով նորագույն գիտելիքներ եւ հմտություններ այս ոլորտում:

 

Հայաստանի էներգետիկայի ոլորտում ԵՄ-ն հիմնական մտահոգությունը միջուկային անվտանգությունն է: 1990 թվականից ի վեր Մեծամորի ատոմակայանի անվտանգ շահագործման համար տրամադրվել է ավելի քան 60 միլիոն եվրոյի աջակցություն: Առկա էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացմանը նպաստելու նպատակով Այրումում կկառուցվի էլեկտրակաղորդակցման կայան, որը կմիացնի հայ եւ վրացական էներգահամակարգերը: Սա հնարավոր կդարձնի երկու երկրների միջեւ էներգիայի փոխանակումը, միաժամանակ նպաստելով էներգիայի փոխանակման խթանմանը տարածաշրջանում:

 

Մյուս կարեւոր ոլորտներն են էներգաարդյունավետությունն ու վերականգնվող էներգիայի աղբյուրները: Հայաստանի 10 քաղաքների քաղաքապետեր (Ապարան, Հրազդան, Ծաղկաձոր, Արթիկ, Դիլիջան, Գյումրի, Սպիտակ, Վայք, Աշտարակ եւ Երեւան) միացել են էներգաարդյունավետության եւ վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը բարձրացնելու ԵՄ նախաձեռնությանը: Վայք եւ Սպիտակ քաղաքներում մեկնարկել է 1,5 միլիոն եվրո արժողությամբ պիլոտային նախագիծ, որի նպատակն է զարգացնել եւ փորձարկել բնակելի եւ հանրային շենքերում էներգիան խնայելու արդյունավետ ճանապարհները: 

 

ԵՄ-ն զբաղվում է Հայաստանում բնապահպանությանը եւ կլիմայի փոփոխությանն առնչվող հարցերի լայն շրջանակով: Այլ նախաձեռնություններին զուգահեռ՝ ԵՄ-ն նպաստում է ժամկետանց թունաքիմիկատների ոչնչացմանը, Երեւանում օդի որակի բարելավմանը, Ախուրյանի եւ Մեծամորի ջրամբարի պաշտպանությանը եւ Սեւանա լճի բնապահպանական կառավարման բարելավմանը, աջակցում է անտառների եւ արոտավայրերի կառավարմանը եւ ստեղծում է շուրջ 13 հա ծածկույթ ունեցող անտառ Տավուշում:

 

Ձեռնարկատիրության եւ առեւտրի ոլորտում ԵՄ ֆինանսավորմամբ փոքր եւ միջին շուրջ 930 ձեռնարկություններ ստացել են խորհրդատվական ծառայություններ՝ միջինում ավելի քան 30 տոկոսով բարձրացնելով իրենց բիզնես ակտիվությունը: Միայն այս նախագծի արդյունքում ստեղծվել ենք ավելի քան 1,320 նոր աշխատատեղեր: ԵՄ ֆինանսավորմամբ ստեղծվել է ԱԿԲԱ-Կրեդիտ-Ագրիկոլ բանկը՝ հայաստանյան բանկերի միջոցով տրամադրելով ավելի մատչելի ֆինանսավորում: Հայաստանը մեկն է այն 13 երկրներից, որոնց բիզնեսներին ԵՄ-ն առաջարկում է մաքսային ազատ մուտք դեպի իր շուկա (արտադրանքի 66%), եթե երկիրը գրանցել է առաջընթաց աշխատանքային իրավունքների, լավ կառավարման, մարդու իրավունքների եւ բնապահպանական իրավունքների ուղղությամբ:

 

ԵՄ-ն աջակցում է երկրի հակակոռուպցիոն ջանքերին՝ խրախուսելով բարեփոխումները պետական ֆինանսների կառավարման եւ հաշվետվողականության ուղղություններով: Ներդրվել են Էլեկտրոնային կառավարման մի շարք համակարգեր, այդ թվում՝ քաղաքացիական կացության ակտերի էլեկտրոնային գրանցման համակարգը, վարորդական իրավունքի ստացման ավտոմատացված համակարգը, երթեւեկության տուգանքների առցանց վճարման համակարգերը:

 

Ջերմուկում, Իջեւանում, Ազատամուտում, Դիլիջանում, Ախթալայում, Սպիտակում, Ջրաշենում, Տաշիրում, Արթիկում, Սեւանում, Ճամբարակում, Գավառում, Սարուխանում, Մարտունիում, Բյուրեղավանում, Աբովյանում, Կապանում ինչպես նաեւ Երեւանում  վերանորոգվել է ջրամատակարարման ցանցը: Դա նշանակում է, որ բարելավվել է ավելի քան 1.5 միլիոն բնակիչների խմելու ջրի որակը, իսկ փոքր քաղաքներում եւ համայնքներում ջրամատակարարման որակը բարձրացվել է միջազգային չափանիշների:  Գյումրիում, Սպիտակում, Արմավիրում/Մեծամորում եւ շրջակա համայնքներում վերանորոգվել եւ երկարացվել են ջրամատակարարման եւ կոյուղու համակարգերը:

 

Դիլիջանում, Ջերմուկում եւ Արմավիրում կառուցվել են երեք նոր կեղտաջրերի մաքրման կայաններ՝ ջրային ռեսուրսների աղտոտման կրճատման  նպատակով: 

 

Կոշտ թափոնների կառավարման նպատակով Կոտայքում կառուցվում է նոր սանիտարական աղբավայր, որը կշահագործվի շրջակա ութ քաղաքների կողմից:  Կոշտ թափոնների հավաքման եւ կառավարման արդի համակարգի ներդրման միջոցով նախագիծը կնպաստի տարածաշրջանի բնապահպանական եւ  սոցիալական զարգացմանը: Նույնը կներդրվի նաեւ Նուբարաշենում՝ Երեւանի շրջակայքում գործող աղբավայրի վտանգավոր բնապահպանական ռիսկերը նվազեցնելու  նպատակով: 

 

Տրանսպորտի ոլորտում ԵՄ-ն աջակցում է Հյուսիս-Հարավ միջանցքի ստեղծմանը՝ մասնակցելով Երեւան-Բավրա՝ 170 կմ երկարության մայրուղու վերանորոգմանը:  ԵՄ աջակցությամբ վերանորոգվել է Երեւանի մետրոյի համակարգը: Արդիականացվել եւ վերանորոգվել են Բագրատաշենի, Բավրայի եւ Գոգավանի սահմանային անցակետերը եւ հարակից ճանապարհները:

 

Վերջին չորս տարիների ընթացքում ԵՄ-ն ֆինանսավորել է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ավելի քան 100 նախաձեռնություններ մարդու իրավունքների, միգրացիայի, տեղական համայնքների հզորացման եւ աղքատության նվազեցման ուղղություններով: Դժվար է հստակ ներկայացնել թե ՔՀԿ քանի ներկայացուցիչ է մասնակցել բազմաբնույթ վերապատրաստումների, սեմինարների, եւ խորհրդակցությունների: Միայն 2014 թվականի ընթացքում ավելի քան 40 տարբեր ՔՀԿ-ներ անցել են վերապատրաստում Հայաստանի բնակիչների շահերի եւ իրավունքների պաշտպանության ուղղությամբ: ԵՄ-ն շարունակում է խթանել ՔՀԿ-ների մասնակցությունը երկրի իշխանությունների հետ ոլորտային քաղաքականության երկխոսությանը՝ հատկապես ԵՄ օժանդակության ոլորտների շուրջ:

 

Սրանք Հայաստանում ԵՄ օժանդակության ուղղակի արդյունքների միայն որոշ օրինակներն էին: Անշուշտ, վերոնշյալը միայն սառցաբեկորի տեսանելի հատվածն է: Անհնար կլիներ չափել, թե  յուրաքանչյուր նախագիծ հիմնական նպատակներից ու թիրախներից բացի ինչպիսի նպաստ է բերել: Օրինակ՝ վերոնշյալ նախագծերի իրականացման նպատակով կամ դրանց արդյունքում ստեղծվել են հազարավոր աշխատատեղեր: Թույլ տվեք ավելացնել, որ նախագծերի, վերապատրաստումների եւ փոխանակման ծրագրերի միջոցով ձեռք բերված նոր հմտություններն ու փորձը նույնպես կնպաստեն երկրի ապագա զարգացմանը: 

 

Գիտակցում ենք, որ Եվրամիության եւ ՀՀ Կառավարության գործընկերությամբ մինչ այժմ տեղի ունեցող բարեփոխումների ազդեցությունը վկայում է  համընդհանուր արժեքների եւ համատեղ հանձնառությունների արդյունավետության ու անհրաժեշտության մասին:  2009 թվականից ի վեր ԵՄ-ն աջակցություն է տրամադրում  պետական բյուջեին երկրում տնտեսական կառավարման, արդարադատության ոլորտի, գյուղատնտեսության ու գյուղական համայնքների զարգացման ու մասնագիտական կրթության ու ուսուցման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների ընդլայնման դիմաց: Ամենը ի շահ Հայաստանի բնակիչների եւ ավելի կայուն ու բարգավաճ հարեւանության կառուցման:

 

Շուտով ավարտում եմ առաքելությունս Հայաստանում: Այս չորս տարիները լի էին մարտահրավերներով եւ հաջողություններով, ԵՄ պատվիրակության թիմին եւ գործընկերներին ոգեշնչելու եւ հատուցելու պահերով: Թո՛ղ Հայաստանը վստահ լինի, որ ԵՄ-ն շարունակում է իր ներկայությունը երկրում՝ տալով արդյունքներ:

 

Ոչ պաշտոնական թարգմանություն անգլերենից

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին