Նալբանդյան. Մանդատները պետք է հիմնվեն անհատական մոտեցման վրա - Mediamax.am

6152 դիտում

Նալբանդյան. Մանդատները պետք է հիմնվեն անհատական մոտեցման վրա


Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ասել է, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս խաղաղապահության ոլորտում աստիճանաբար աճող ներգրավվածությանն ու ներդրմանը եւ հետեւողականորեն կառուցում ու ամրապնդում է իր համապատասխան կարողությունները:

Այս մասին ՀՀ ԱԳՆ ղեկավարն հայտարարել է Երեւանում՝ ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի կազմակերպած «Մարտահրավերներ ամենամյա ֆորում 2015» հանդիպմանը:

 

«Միջազգային համագործակցությունը, երկկողմ գործընկերությունը եւ աջակցությունն առանցքային դեր են խաղում համեմատաբար սահմանափակ ներուժ ունեցող երկրների ներգրավումն ապահովելու գործում: ԱՄՆ, Հունաստանի, Իտալիայի, Գերմանիայի կողմից Հայաստանի համապատասխան խաղաղապահ կարողությունների զարգացմանը ցուցաբերված աջակցությունը դրա լավ օրինակներից է»,- ասել է նախարարը:

 

Նա ընդգծել է, որ խաղաղապահ առաքելությունների նկատմամբ Հայաստանի մոտեցումը կարելի է գնահատել ներկա եւ նախկին առաքելություններում ՀՀ ներգրավվածության աշխարհագրությամբ՝ Աֆղանստան, Իրաք, Կոսովո, Լիբանան, Մալի:

 

Էդվարդ Նալբանդյանը կարեւորել է նաեւ հակամարտությունների միջնորդությունն ու կանխարգելումը:

 

«Այս առումով պետք է նշել, որ Մինսկի խմբի համանախագահների միջազգային մանդատ ունեցող գործունեությունը վերաբերում է ոչ միայն միջնորդությանը, այլեւ պարունակում է կանխարգելման գործուն մեխանիզմներ։ Միջնորդների կողմից առաջարկված փոխվստահության եւ անվտանգության միջոցառումների ներդրումը, մասնավորապես՝ հրադադարի ռեժիմի խախտումների եւ միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը, կարող է կանխարգելման գործուն մեխանիզմ հանդիսանալ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այս սեպտեմբերի 28-ին եւս մեկ անգամ վերահաստատեցին այս կապակցությամբ իրենց առաջարկը»,- ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:

 

Նա ընդգծել է, որ մանդատները եւ առաքելությունները պետք է հիմնված լինեն ոչ թե ընդհանուր մոտեցումների կամ ձեւանմուշների վրա, այլ հատուկ մշակվեն՝ աջակցելու համար քաղաքական որոշումների իրականացմանը:

 

«Յուրաքանչյուր իրավիճակի վերաբերյալ անհրաժեշտ է մշակել անհատական մոտեցումներ՝ խուսափելու համաձայնեցված ձեւաչափերի շրջանակում ընթացիկ գործընթացներին վնասելուց կամ միջամտելուց»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին