Փերինչեքը հաղթեց, բայց ՄԻԵԴ-ը չվիճարկեց ցեղասպանության փաստը - Mediamax.am

12142 դիտում

Փերինչեքը հաղթեց, բայց ՄԻԵԴ-ը չվիճարկեց ցեղասպանության փաստը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) այսօր հրապարակել է «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճիռը, որի համաձայն թուրք քաղաքական գործչին քրեական պատասխանատվության ենթարկելու որոշումը խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը (արտահայտման ազատություն):

2007թ. մարտին թուրք ազգայնական Դողու Փերինչեքը Շվեյցարիայում դատապարտվել էր Հայոց Ցեղասպանության ժխտման համար: Նա Հայոց ցեղասպանությունն անվանել էր «միջազգային սուտ», ինչի համար «Շվեյցարիա-Հայաստան» ասոցիացիան նրան դատի էր տվել ռասայական խտրականության հոդվածով:

 

Դատարանի որոշման մեջ ասված է, որ դատավորները պետք է հավասարակշռություն պահպանեին Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ եւ 8-րդ հոդվածների միջեւ: 8-րդ հոդվածը վերաբերվում է մասնավոր կյանքը հարգելուն եւ, դատարանի բնորոշմամբ, այն պաշտպանում է զոհերի եւ այսօր ապրող հայերի արժանապատվությունը:

 

Միաժամանակ, դատարանի որոշման մեջ ասված է.

 

«Դատարանն ընդգծում է, որ այն լիազորված չի եղել պարզել, թե արդյո՞ք հայ ժողովրդի կոտորածները եւ զանգվածային տեղահանությունը Օսմանյան կայսրությունում կարող է բնորոշվել իբրեւ «ցեղասպանություն», քանի որ, ի տարբերություն միջազգային քրեական դատարանների, նման իրավական որոշումներ կայացնելու լիազորություն չունի»:

 

Հայաստանը 2014թ. օգոստոսից «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործում ներգրավված էր որպես երրորդ կողմ: Հայաստանի շահերը ՄԻԵԴ-ում պաշտպանում էին փաստաբաններ Ամալ Քլունին եւ Ջեֆրի Ռոբերտսոնը:

 

2014թ. մարտին Մեդիամաքսը հանգամանորեն անդրադարձել էր «Փերինչեք v. Շվեյցարիա» գործին եւ դրա հնարավոր հետեւանքներին Հայաստանի համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին