Թուրքիան մեկնաբանել է ՄԻԵԴ վճիռը - Mediamax.am

5384 դիտում

Թուրքիան մեկնաբանել է ՄԻԵԴ վճիռը


Լուսանկարը` www.digitalnewsworld.com


Երեւան: Մեդիամաքս: Պաշտոնական Անկարան յուրովի է ընկալել եւ մեկնաբանել Մարդու իրավունքների եվրոպական  դատարանի (ՄԻԵԴ)՝ Հայոց ցեղասպանության ժխտման վերաբերյալ «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով հրապարակած վճիռը:

 

Թուրքիան եւ Հայաստանն այս գործում ներգրավված էին որպես երրորդ կողմ:

 

Թեեւ ՄԻԵԴ-ը հստակ ընդգծել է, որ «իր վճռով լիազորված չէ պարզել, թե արդյոք հայ ժողովրդի կոտորածները եւ զանգվածային տեղահանությունը Օսմանյան կայսրությունում կարող է բնորոշվել իբրեւ «ցեղասպանություն», քանի որ, ի տարբերություն միջազգային քրեական դատարանների, նման իրավական որոշումներ կայացնելու լիազորություն չունի», Թուրքիայի ԱԳՆ-ն փորձել է դատական այս վճիռը ներկայացնել որպես հաղթաթուղթ՝ ընդդեմ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման փորձերի: 

 

«Թուրքիան, որը ներգրավված էր այս գործում որպես երրորդ կողմ, ողջունում է դատարանի վճիռը, որը համապատասխանում է մեր տեսակետներին:  Մենք դիտարկում ենք այս վճիռը որպես շատ հստակ ազդանշան՝ ընդդեմ «ցեղասպանությունը» որպես միակ եւ բացարձակ ճշմարտություն պարտադրելու, ինչպես նաեւ այն անգամ հարցականի տակ դնելն արգելող բոլոր փորձերի»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարությունում:

 

Ըստ Թուրքիայի արտաքին գերատեսչության մեկնաբանության՝ ՄԻԵԴ-ի վճիռը վերահաստատեց, որ խորհրդարաններն ու տարբեր երկրների առաջնորդները իրավասու չեն վերաշարադրելու պատմությունը, իսկ դատարանները չեն կարող պատմությանը վերաբերող վճիռներ կայացնել՝ անտեսելով դատական նորմերը:  

 

«Ըստ վճռի՝ 1915թ. դեպքերը ենթակա են իրավական քննության, եւ այդ դեպքերի վերաբերյալ տարբեր կարծիքները պաշտպանված են արտահայտման ազատության իրավունքով: Նմանապես, այն որեւէ կերպ հնարավոր չէ համեմատել Հոլոքոստի հետ»,- հայտարարել են Թուրքիայի ԱԳՆ-ում:

 

Հիշեցնենք, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ Հայաստանի կառավարության՝ «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով ՄԻԵԴ ներկայացրած բոլոր պահանջները բավարարվել են: Գործին մասնակցելով երրորդ կողմի կարգավիճակում՝ Հայաստանի Հանրապետությունն ակնկալում էր, որպեսզի Եվրոպական դատարանի վճռից բացառվեն ձեւակերպումներ, որոնք կարող են որեւէ կերպ կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանության փաստը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին