Էրդողանը նոր հայտարարություններ է արել Ռուսաստանի հասցեին - Mediamax.am

7338 դիտում

Էրդողանը նոր հայտարարություններ է արել Ռուսաստանի հասցեին


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հայտարարել է, որ Թուրքիան կրկին կդիմի նոյեմբերի 24-ին ձեռնարկած քայլերին, եթե Ռուսաստանը վերստին խախտի իր երկրի օդային տարածքը:

Ինչպես հայտնում է Anadolu գործակալությունը, Էրդողանն այսօր այս մասին հայտարարել է Անկարայում տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

 

«Մենք ռազմավարական գործընկերություն ունենք Ռուսաստանի հետ: Սակայն մեր միությունը համերաշխություն է պահանջում, մեր միությունը սպառնալիքներ թույլ չի տալիս միմյանց հասցեին, դա տխրեցրել է մեզ: Մենք ջանքեր ենք գործադրում ոչ թե տարածաշրջանում լարվածություն ստեղծելու, այլ խաղաղություն եւ անդորր ապահովվելու համար: Մենք պատճառներ չունենք առանց սահմանը խախտելու նշան բռնել Ռուսաստանի վրա, որի հետ ունենք բազմակողմ եւ շատ ամուր հարաբերություններ: Սիրիային վերաբերող քաղաքականության հետ կապված մեր տարաձայնությունները Ռուսաստանի հետ՝ մի բան է, իսկ մարտական գործողությունների իրականացման կանոնները՝ մեկ այլ բան»,- ասել է Թուրքիայի նախագահը:

 

«Մենք նաեւ ճիշտ չենք համարում, որ մի միջադեպ, որի պարագայում ամբողջ միջազգային հանրությունը ճանաչել է մեր ճշմարտացիությունը, տարածվի մեր քաղաքական ու տնտեսական հարաբերությունների վրա: Եթե նույն խախտումը տեղի ունենա այսօր, Թուրքիան կտա նույն պատասխանը: Այս պարագայում իրեն պետք է հարցաքննի եւ նման միջադեպ չկրկնելու համար միջոցներ ձեռնարկի ոչ թե այն երկիրը, որի նկատմամբ խախտում է կատարվել, այլ այն մեկը, որ ինքն է խախտում թույլ տվել»,- նկատել է նա:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին