5996 դիտում

ԵԽԽՎ պատվիրակություն. hանրաքվեն պայմանավորված էր քաղաքական շահով


Անդրեաս Գրոսսը
Անդրեաս Գրոսսը

Լուսանկարը` RFE/RL


Երեւան: Մեդիամաքս: Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) պատվիրակությունը հայտարարել է, որ Հայաստանում սահմանադրական հանրաքվեի անցկացումը «պայմանավորված էր ոչ թե Հայաստանի հասարակության կարիքներով, այլ քաղաքական շահերով, եւ շատ քաղաքացիների կողմից ընկալվեց ավելի շուտ որպես վստահության քվեարկություն կառավարության հանդեպ, այլ ոչ թե փոփոխության համար»:

ԵԽԽՎ միջկուսակցական պատվիրակությունը Հայաստանում է գտնվել դեկտեմբերի 4-ից 7-ը՝  սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն մշտադիտարկելու նպատակով:

Պատվիրակությունը գլխավորում էր ԵԽԽՎ պատգամավոր, Շվեյցարիան ներկայացնող Անդրեաս Գրոսսը: Պատվիրակության կազմում էին նաեւ պատգամավոր Դորիս Ֆիալան (Շվեյցարիա) եւ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի պարտավորությունների կատարման հարցով համազեկուցող Ալան Միլը (Մեծ Բրիտանիա):

«Հանրաքվեին ընտրողների համեմատաբար պասիվ մասնակցությունը՝ բնակչության շուրջ 50 %-ը, վկայում է այն մասին, որ հանրաքվեն անցկացվել է՝ ոչ թե Հայաստանի հասարակության կարիքների, այլ քաղաքական շահերով պայմանավորված: Երկու ու կես տարվա բարեփոխումների գործընթացը բավարար ներառական չի եղել, եւ խորհրդարանն ընդամենը մի քանի շաբաթ ժամանակ է ունեցել՝ քննարկելու սահմանադրության տեքստը: Հանրային քննարկումների համար նախատեսված ժամանակը եւս սահմանափակ է եղել՝ երկու ամիս»,- ասված է ԵԽԽՎ պատվիրակության եզրակացության մեջ:

Պատվիրակության գնահատմամբ, «սահմանադրական առանցքային փոփոխությունը՝ կառավարման նախագահական համակարգից անցումը դեպի խորհրդարանականի, շատ քաղաքացիներ ընկալել են որպես գործիք, որով գործող նախագահը մտադիր է պահպանել իշխանությունը՝ իր նախագահության երկրորդ եւ վերջին ժամկետի ավարտից հետո»:

Պատվիրակությունը նշել է նաեւ քվեարկության ընթացքում արձանագրված որոշ խնդիրների, մասնավորապես, ընտրացուցակների անճշտության, ընտրակաշառքի եւ կրկնակի քվեարկության դեպքերի ահազանգերի մասին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am