Մեկնարկել են Հայաստան-Եվրամիություն բանակցությունները - Mediamax.am

8197 դիտում

Մեկնարկել են Հայաստան-Եվրամիություն բանակցությունները


Էդվարդ Նալբանդյանը եւ Ֆեդերիկա Մոգերինին
Էդվարդ Նալբանդյանը եւ Ֆեդերիկա Մոգերինին

Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության միասնական արտաքին քաղաքականության եւ պաշտպանության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ազդարարել են Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ նոր իրավական շրջանակային փաստաթղթի շուրջ բանակցությունների մեկնարկը։

«Հայկական կողմը վաղուց իր պատրաստակամությունն է արտահայտել Եվրոպական միության հետ շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները սկսելու վերաբերյալ, որն ըստ արժանվույն կարտացոլի մեր համագործակցության խորությունն ու էությունը: Մենք ուրախ ենք, որ մեր հարաբերությունների իրավական նոր հիմքի շուրջ բանակցություններ սկսելու Եվրոպական միության խորհրդի որոշումը մեզ հնարավորություն է տալիս առաջ գնալ այս ճանապարհով:

 

Հայաստանը սերտ կապեր ունի Եվրոպական միության հետ եւ մտադիր է ավելի զարգացնել եւ ամրապնդել համապարփակ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ նկատի ունենալով մեր պարտավորություններն այլ ինտեգրացիոն ձեւաչափերում», - ասել է Էդվարդ Նալբանդյանը:

 

ՀՀ ԱԳ նախարարն իր խոսքում հիշեցրել է, որ արդեն երկու տարի է, ինչ գործում են ԵՄ-Հայաստան մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման եւ հետընդունման համաձայնագրերը:

 

«Մենք համոզված ենք, որ հասունացել է պահը՝ առաջ գնալու եւ սկսելու մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը», - ասել է նա:

 

Ֆեդերիկա Մոգերինին իր հերթին ասել է.

 

«ԵՄ-ն եւ Հայաստանի համատեղ արժեքները եւ լուրջ հանձնառությունը ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության նկատմամբ նոր համաձայնագրի հիմք են: Այն բարենպաստ պայմաններ կստեղծի համագործակցությունն համար այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտն ու բնապահպանությունը,  եւ նաեւ առեւտրի եւ ներդրումների եւ տեղաշարժի ընդլայնման նոր հնարավորություններ կբացի մեր քաղաքացիների համար»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին