ԵԽ առաքելություն. ընտրացուցակների հարցը «խիստ կարեւոր է» - Mediamax.am

6624 դիտում

ԵԽ առաքելություն. ընտրացուցակների հարցը «խիստ կարեւոր է»


Լուսանկարը` https://pbs.twimg.com


Երեւան: Մեդիամաքս: Եվրոպայի խորհրդի Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակության ղեկավար Լիիսա Անսալան ասել է, որ Հայաստանում ընտրողների ցուցակների բարելավումը «խիստ կարեւոր նշանակություն» ունի:

Լիիսա Անսալայի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 18-ին Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացրել Արագածոտնի, Արմավիրի, Արարատի եւ Տավուշի մարզերում: Ընդհանուր առմամբ, 7 դիտորդական խմբեր են աշխատել 100 ընտրական տեղամասերում:

 

«Ընդհանուր առմամբ, պատվիրակությունը գտնում է, որ ընտրությունները լավ էին կազմակերպված՝ չհաշված մի քանի ընտրատեղամասերում արձանագրված միջադեպերն ու մարդկանց կուտակման դեպքերը: Մեծ համայնքներում քաղաքական պայքարը շատ ավելի մեծ էր: Փոքր համայնքներում հաճախ քաղաքապետի պաշտոնին հավակնում էր ընդամենը մեկ թեկնածու», - ասված է պատվիրակության հաղորդագրության մեջ:

 

Միջազգային դիտորդները Հայաստանի իշխանությունների ուշադրություն են հրավիրել ընտրական ցուցակներում առկա բացթողումներին:

 

«Կոնգրեսի պատվիրակությունը նկատել է, որ ընտրողների ցուցակներում կան մեծ թվով մարդկանց անուններ, որոնք փաստացի գտնվում են արտասահմանում: Այս իրավիճակում մեծ է ընտրական խախտումների ռիսկը», - ասված է հաղորդագրության մեջ:

 

Լիիսա Անսալան ընդգծել է, որ ընտրողների ցուցակների բարելավումը շատ կարեւոր է համակարգի նկատմամբ վստահության համար:

 

«Անհրաժեշտ է, որ ավելանան թափանցիկությունը եւ մրցակցության մակարդակը թեկնածուների միջեւ: Մենք առաջիկայում կտեսնենք, թե ինչպես նոր Ընտրական օրենսգիրքը կօգնի բարելավվել իրավիճակը», - ասել է Լիիսա Անսալան:

 

Դիտորդական առաքելությունը մանրամասն տեղեկատվական զեկույց է պատրաստելու, որը քննարկվելու է հոկտեմբերին՝ Եվրոպայի խորհրդի Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի 31-րդ նստաշրջանի շրջանակներում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին