ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի մարզերի զարգացմանը - Mediamax.am

3772 դիտում

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի մարզերի զարգացմանը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ասել է, որ Եվրոպական Միության €10 մլն աջակցությամբ ՀՀ կառավարությունը հստակ ռազմավարություն է մշակել՝ զարգացնելու համար Հայաստանի «առավել աղքատ եւ թույլ հնարավորություն ունեցող մարզերը»:

Այս մասին նախարարը նշել է «Արեւելյան գործընկերության երկրներում կայուն զարգացման խթանումը» երկօրյա բարձրաստիճան միջազգային համաժողովի շրջանակում:

 

«ԵՄ աջակցությամբ մենք ավարտել ենք 2016-2025 թթ. տարածքների զարգացման ծրագիրը, որի գլխավոր նպատակներից է վերացնել մարզերում գոյություն ունեցող խոր անհամաչափությունը»,- ասել է Դավիթ Լոքյանը:

 

Նրա խոսքով՝ ծրագրի իրականացման արդյունքում ստեղծվելու են շուրջ 10 տոկոսի չափով նոր ոչ ֆորմալ գյուղատնտեսական արտադրություններ, որոնք կապահովեն շուրջ 60 հազ. աշխատատեղ:

 

«Մենք սկսելու ենք այն մարզերից, որոնք հնարավորություն ունեն արագ զարգանալ: Վայոց Ձորի, Սյունիքի, Շիրակի, Տավուշի եւ այլ մարզերում ծրագրերն արդեն ընթանում են»,- ասել է Դավիթ Լոքյանը:

 

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին էլ ընդգծել է, որ իրենք պատրաստ են շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ՝ ապահովելու մարզերի հավասարակշռված եւ կայուն զարգացումը:

 

Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության հարեւանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթն էլ ասել է, որ «ԵՄ-ն այս ներդրումով նպաստում է ՀՀ քաղաքացիների բարօրությանը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին