ՄԻՊ-ը Բրյուսելում խոսել է Արցախում մարդու իրավունքների մասին - Mediamax.am

3060 դիտում

ՄԻՊ-ը Բրյուսելում խոսել է Արցախում մարդու իրավունքների մասին


Արման Թաթոյանը
Արման Թաթոյանը

Լուսանկարը` ՄԻՊ գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Բրյուսելում հանդիպել է շուրջ 30 միջազգային իրավապաշտպան կազմակերպության հետ:

ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպումը կազմակերպվել էր Հայաստանի եվրոպացի բարեկամներ (EuFoA) կազմակերպության աջակցությամբ:

 

Իրավապաշտպան կազմակերպությունների թվում են եղել Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը, Խոշտանգումների զոհերի ռեաբիլիտացիայի միջազգային կազմակերպությունը, Բաց հասարակության եվրոպական քաղաքականության ինստիտուտը եւ այլն:

 

Արման Թաթոյանը նեկայացրել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» նոր օրենքի կարգավորումները, մասնավորապես՝ ՀԿ-ների հետ աշխատանքի նոր սկզբունքները:

 

Օմբուդսմենը ներկայացրել է նաեւ Արցախի ՄԻՊ զեկույցները, դրանցում տեղ գտած՝ դաժանությունների վերաբերյալ փաստերը: Անդրադառնալով այսպես կոչված Բաքվի պլատֆորմի վերաբերյալ հարցին՝ Արման Թաթոյանն ասել է, որ այն չի կարող ընդունելի լինել, քանի որ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ դաժան սպանությունները կապված էին միայն այն փաստի հետ, որ մարդիկ հայ են:

 

Արման Թաթոյանն ընդգծել է, որ պատրաստ է Հայաստանի վերաբերող հարցերի հետ կապված հանդիպել, սակայն սկզբունքային դիրքորոշում է այն, որ Արցախին առնչվող հարցերով քննարկումներին պետք է բացառապես մասնակցի Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը:

 

Արման Թաթոյանը կարեւորել է նաեւ լրագրողների աշխատանքը Արցախում եւ անհրաժեշտ համարել այդ այցերի ակտիվացումը:

 

Իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել համագործակցել առանձին ուղղություններով եւ շարունակել նամանատիպ քննարկումները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին