Մերկելը խոսել է ԵՄ-ի եւ Թուրքիայի «խոր հակասությունների» մասին - Mediamax.am

4041 դիտում

Մերկելը խոսել է ԵՄ-ի եւ Թուրքիայի «խոր հակասությունների» մասին


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիայի եւ Թուրքիայի հարաբերություններում այսօր առկա են խոր հակասություններ։

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին կանցլերն այսօր հայտարարել է Բունդեսթագում՝ խոսելով առաջիկա ԵՄ գագաթաժողովի օրակարգի մասին։

 

«Այսօր առավել, քան երբեւէ, մենք զգում ենք, որ Եվրամիության եւ Թուրքիայի, Գերմանիայի եւ Թուրքիայի միջեւ խոր հակասություններ կան»,- ասել է Անգելա Մերկելը:

 

Կանցլերը քննադատական խոսքեր է հնչեցրել այն թուրք քաղաքական գործիչների հասցեին, որոնք Գերմանիայի իշխանությունների գործունեությունը նացիստական քաղաքականության հետ են համեմատել։

 

Անգելա Մերկելի խոսքով՝ «այդ համեմատություններն այնքան անհիմն են, որ դրանք լուրջ մեկնաբանության կարիք չունեն»։

 

Ավելի վաղ Գերմանիայում արգելվել էին թուրք քաղաքական գործիչների քարոզարշավները՝ ուղղված Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների անցկացմանը:

 

Մասնավորապես, Համբուրգի իշխանությունները չեղարկել էին Թուրքիայի արտգործնախարարի մասնակցությամբ միջոցառումը, որն, ի վերջո, ելույթ էր ունեցել գլխավոր հյուպատոսի նստավայրում։ Թուրքիայի նախագահը նման արգելքները համեմատել էր նացիստների քաղաքականության հետ։

 

Մեդիամաքսը նշում է, որ Գերմանիայից բացի, նման արգելքներ են ներկայացրել Ավստրիան եւ Նիդեռլանդները՝ որպես արգելքի առաջնային պատճառ նշելով անվտանգությունը։

 

Թուրքիան առավել «ցավոտ է» ընդունել Գերմանիայի քայլը՝ հաշվի առնելով փաստը, որ այս երկրում է բնակվում Թուրքիայի շուրջ 1,5 միլիոն քաղաքացի, որոնց ձայները կարող են վճռորոշ լինել ապրիլին նախատեսված Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի համար։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին