Լավրով. Հայաստանը չպետք է զգուշանա ռուս-թուրքական մերձեցումից - Mediamax.am

9879 դիտում

Լավրով. Հայաստանը չպետք է զգուշանա ռուս-թուրքական մերձեցումից


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ասել է, որ Հայաստանը չպետք է զգուշանա ռուս-թուրքական մերձեցումից:

Այդ մասին Լավրովը հայտարարել է Regional Post – Caucasus ամսագրին տված հարցազրույցում, որը տեղադրված է Ռուսաստանի ԱԳՆ կայքում:

 

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանը պետք է զգուշանա Ռուսաստանի ու Թուրքիայի մերձեցումից, նախարարն ասել է.

 

«Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը պետք չէ դիտարկել որպես մի գործընթաց, որը կարող է վնասել այլ պետություններին: Ռուսաստանը ոչ մի գաղտնի օրակարգ չունի: Մենք չենք կառուցում քաղաքական կամ տնտեսական միություններ, որոնք ուղղված կլինեն այլ պետությունների դեմ կամ կվնասեն որեւէ մեկի շահերին: Համոզված ենք, որ ռուս-թուրքական կապերի դուրս բերումւ մի քանի ամիս տեւած ճգնաժամից կբարձրացնի տարածաշրջանում վստահության ու փոխըմբռնման մակարդակը: Ակնկալում ենք, որ երկկողմ համագործակցության շարունակական զարգացումը օգտակար կլինի Անդրկովկասում խաղաղության, անվտանգության ու կայունության համար»:

 

«Բնականաբար, մեզ համար ողջունելի կլիներ, եթե ԵԱՏՄ-ի արտաքին սահմանի հայ-թուրքական հատվածը բաց լիներ մարդկանց, ապրանքների ու ծառայությունների տեղափոխման համար: Դա, անկասկած, ողջ տարածաշրջանի համար օգտակար կլիներ:

 

Ռուսաստանը ակտիվ դերակատարություն է ունեցել Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների ապասառեցման գործընթացի ակտիվ փուլում՝ 2007-2009 թթ.: Ընդհանուր ջանքերի, բնականաբար, առաջին հերթին՝ Երեւանի ու Անկարայի արդյունքում 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրվեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» եւ «Հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները: Ցավոք, հետագայում կարգավորման գործընթացը դանդաղեց եւ ներկա պահին այն դադարեցվել է: Սակայն սկզբունքորեն կարեւոր է, որ կողմերը ցուցադրել են պայմանավորվելու եւ լուրջ ու պատասխանատու որոշումներ կայացնելու ունակություն: Համոզված եմ, որ Թուրքիան եւ Հայաստանը ընդունակ են առկա խնդիրները կարգավորել: Ընդ որում, շատ բան հենց իրենցից է կախված: Չէ՞ որ քաղաքական գործիչների որակը որոշվում է ոչ միայն օբյեկտիվ դժվարությունների իրատեսական վերլուծության խորությունից, այլեւ լավատես լինելու ունակությունից՝ սեփական քաղաքացիների հույսերն ու երազանքները իրականացնելու համար: Երբ Երեւանն ու Անկարան նստեն բանակցությունների սեղանի շուրջ, Ռուսաստանը պատրաստ կլինի ամենաակտիվ աջակցությունը ցուցաբերել», - հայտարարել է Լավրովը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին