Հայաստանը ողջունել է Եղեռնի ճանաչումը Չեխիայի կողմից - Mediamax.am

10865 դիտում

Հայաստանը ողջունել է Եղեռնի ճանաչումը Չեխիայի կողմից


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հայտարարել է, որ Հայաստանը ողջունում է Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության եւ մարդկության դեմ գործած այլ հանցագործությունները ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունումը։

«Չեխիայի պատգամավորների պալատի բանաձեւը՝ երկրի նախագահ Միլոշ Զեմանի՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունների հետ միասին, հանդիսանում են Չեխիայի Հանրապետության արժեքավոր ներդրումը ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում»,- ասված է ԱԳ նախարարի հայտարարությունում:

 

Ապրիլի 25-ի երեկոյան Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատն ընդունել էր Հայոց ցեղասպանությունը դատապարտող 414 բանաձեւը։ Քվեարկությանը մասնակցել էր 107 պատգամավոր, որից 104-ը կողմ էին քվեարկել, 3-ը՝ ձեռնպահ։

 

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանն ավելի վաղ հանդես էր եկել հայ համայնքին ուղղված ցավակցական ուղերձով, որն առաջինն էր համայնքի պատմության մեջ:

 

«Համաձայն եմ, որ պատմությունը չպետք է մեկնաբանեն քաղաքական գործիչները, քանի որ նրանց ձեռքում պատմությունը հաճախ դառնում է իրենց քաղաքական շահերին ծառայող գործիք, եւ անցյալի ըմբռնումը կամ մեկնաբանումը պետք է կատարեն հիմնականում պատմաբանները: Միեւնույն ժամանակ, կարծում եմ, որ չի կարելի չհիշել այն իրադարձությունները, որոնք ոչ միայն խլեցին 1.5 միլիոն անմեղ մարդկանց կյանքը, այլեւ պատմության ողբերգական շրջան են ներկայացնում հայ ժողովրդի եւ ողջ քաղաքակիրթ աշխարհի համար»,- ասված էր Միլոշ Զեմանի ուղերձում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին