ՀՀ-ԵՄ վիզաների դյուրացման գործընթացում կա առաջընթաց․ մոնիտորինգ - Mediamax.am

5330 դիտում

ՀՀ-ԵՄ վիզաների դյուրացման գործընթացում կա առաջընթաց․ մոնիտորինգ


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի եւ Եվրամիության միջեւ մուտքի վիզաների դյուրացման գործընթացում առաջընթաց է գրանցվել, սակայն անհրաժեշտ է շարունակել ակտիվ համագործակցությունը։

Այս մասին այսօր ասել է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը՝ ներկայացնելով «ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ վիզաների տրամադրման պարզեցման մասին» համաձայնագրի մոնիթորինգի արդյունքները։

     

Ըստ այդմ, 2014թ․ այդ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանում  Շենգեն գոտու դեսպանություններ ներկայացված դիմումների թիվը զգալիորեն աճել է:  2014թ․ նախորդ տարվա համեմատ դիմումների թիվն աճել է 12․8 %-ով, իսկ 2015թ․-ին՝  2014 թ-ի համեմատ մոտ 10%-ով։ Միաժամանակ, աճել է նաեւ դիմումների մերժումների քանակը՝ 2012 թ-ին դրանք ընդհանուր թվի մոտ 8% են եղել, իսկ 2015թ.-ին՝ 12.3%-ը:

 

Ստեփան Գրիգորյանի խոսքով, պայմանագրի պահանջների կատարման հարցում կարեւոր է՝ դիմումատուները հստակ գիտակցեն, որ պետք է «հարգել ԵՄ-ի կողմից առաջարկած խաղի կանոնները»։

 

«Մեզ համար լավ օրինակ կարող է լինել հարեւան Վրաստանը, որը  կարողացավ հասնել վիզային ռեժիմի ազատականացման։ Մենք եւս պետք է ԵՄ-ի համար դառնանք վստահելի գործընկեր՝ հետագա ավելի լայն եւ արդյունավետ համագործակցության համար»,- ասել է Ստեփան Գրիգորյանը։

 

Նրա խոսքով՝ ԵՄ-ի հետ «Վիզաների երկխոսության» անցնելու համար Հայաստանի իշխանությունները պետք է հստակ  քայլեր կատարեն կոռուպցիայի դեմ պայքարում եւ օրենսդրական մեխանիզմեր ձեւավորեն խտրականության դեմ պայքարում։

 

Մեդիամաքսը հիշեցնում է, որ 2012թ. դեկտեմբերի 17-ին Հայաստանն ու ԵՄ-ն Բրյուսելում ստորագրել  են «ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ վիզաների տրամադրման պարզեցման մասին» համաձայնագիր:  2013թ. հոկտեմբերի 9-ին Եվրոպական խորհրդարանը հավանություն է տվել այդ համաձայնագրին, որն ուժի մեջ է մտել 2014թ․ հունվարի 1-ին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին