Ադրբեջանը հասավ ուզածին՝ Երեւանում ԵԱՀԿ գրասենյակը կփակվի - Mediamax.am

12290 դիտում

Ադրբեջանը հասավ ուզածին՝ Երեւանում ԵԱՀԿ գրասենյակը կփակվի


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն ասել է, որ Ադրբեջանը հակադրվել է ԵԱՀԿ-ին:

«Իր խիստ ապակառուցողական մոտեցումներով Ադրբեջանը ԵԱՀԿ-ում հայտնվել է բացարձակ մեկուսացման մեջ: ԵԱՀԿ նախագահությունը, մասնակից երկրները, քարտուղարությունը` բոլորը սատարում են ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեությունը, եւ միայն Ադրբեջանն է, որ, չարաշահելով կազմակերպության կոնսենսուսի սկզբունքը, որի համաձայն նույնիսկ մեկ երկիր կարող է խափանել որոշումների ընդունումը, դեմ է հանդես գալիս ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեության շարունակմանը, դրանով իսկ հակադրվելով ամբողջ կազմակերպությանը», - ասել է դիվանագետը՝ պատասխանելով News.am-ի հարցին:

 

Ս.թ. հունվարին Մեդիամաքսը ներկայացրել էր, թե ինչպես է Ադրբեջանը փորձում  միջազգային հանրությանը ակնհայտ սուտ տեղեկություններ տրամադրել այն մասին, թե ինչու է խոչընդոտում Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարաձգմանը:

 

Մայիսի 4-ին ԵԱՀԿ-ում նախագահող Ավստրիայի ներկայացուցիչը ԵԱՀԿ Մշտական խորհրդում ելույթ է ունեցել` հայտարարելով, որ, չնայած իրենց ներդրած ջանքերին, անհնար է եղել համաձայնության հանգել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մանդատի երկարաձգման շուրջ:

 

«ԵԱՀԿ-ում Հայաստանի պատվիրակությունը հանդես է եկել ելույթով, որտեղ, մասնավորապես, անդրադարձ է կատարել այն բոլոր քայլերին, որոնք Հայաստանը ԵԱՀԿ նախորդ՝ գերմանական եւ ներկայիս՝ ավստրիական նախագահությունների հետ միասին իրականացրել է երեւանյան գրասենյակի մանդատի երկարաձգման նպատակով: Հայկական կողմը նաեւ ներկայացրել է գրասենյակի փակմանն ուղղված Ադրբեջանի նպատակաուղղված գործողությունները, որոնք գնալով ավելի լայն թափ են հավաքել նույնիսկ այն բանից հետո, երբ ԵԱՀԿ ավստրիական ու գերմանական նախագահությունները հստակորեն հերքել են գրասենյակի հասցեին ուղղված Բաքվի արհեստածին մեղադրանքները», - ասել է Տիգրան Բալայանը:

 

Ս.թ. հունվարին Մեդիամաքսին տված բացառիկ հարցազրույցում Ավստրիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ Գործող նախագահ Սեբաստիան Կուրցն ասել էր, որ «մենք գնահատում ենք ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի կարեւոր եւ արժեքավոր աշխատանքը, եւ այն փակելու ծրագրեր կամ մտադրություններ չունենք»:

 

«Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի փակումից հետո, փաստացի արգելափակելով նաեւ երեւանյան գրասենյակի գործունեությունը, Ադրբեջանը զրկում է ԵԱՀԿ-ին Հարավային Կովկասում լիարժեք առաքելության ներկայությունից, ինչը, բնականաբար, չի կարող բացասաբար չանդրադառնալ ոչ միայն մեր տարածաշրջանում ԵԱՀԿ գործունեության, այլեւ ընդհանրապես կազմակերպության եւ նրա կառույցների վրա», - ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակը:

 

Տիգրան Բալայանն ասել է, որ Հայաստանը շարունակելու է գործել որպես ԵԱՀԿ ակտիվ եւ նախաձեռնող անդամ՝ իր նպաստը բերելով կազմակերպության նպատակների իրականացմանը եւ պատրաստ է դիտարկել Հայաստանում ԵԱՀԿ-ի ծրագրերի իրականացման առաջարկները, որոնք, մասնավորապես, հնչեցվել են ԵԱՀԿ Մշտական խորհրդի ընթացքում:

 

Այս պահին Հայաստանը միակ երկիրն է Հարավային Կովկասում, որտեղ կա ԵԱՀԿ գրասենյակ:

 

Բաքվում 2000 թվականի ամռանը բացված ԵԱՀԿ գրասենյակը իր գործունեությունն ավարտեց 2014թ. հունվարի 1-ին:

 

Թբիլիսիում 1992 թվականին բացված ԵԱՀԿ առաքելության մանդատը լրացավ 2008 թվականի դեկտեմբերի 31-ին:

 

Մեդիամաքսը նշում է, որ Երեւանում ԵԱՀԿ գրասենյակ բացելու որոշումը կայացվել էր կազմակերպության Մշտական խորհրդի նիստում՝ 1999թ. հուլիսին: Որոշման մեջ նշված է, որ ԵԱՀԿ եւ Հայաստանի փոխադարձ համաձայնությամբ, գրասենյակի գործունեության ժամկետն ամեն անգամ պետք է երկարացվի 12 ամսով:

 

2016 թվականի մարտից Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարն է ռուսաստանցի դիվանագետ, դեսպան Արգո Ավակովը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին