ԵՄ դեսպանն առաջարկում է «մտածել՝ եզրակացություններ անելուց առաջ» - Mediamax.am

24500 դիտում

ԵՄ դեսպանն առաջարկում է «մտածել՝ եզրակացություններ անելուց առաջ»


Պյոտր Սվիտալսկին
Պյոտր Սվիտալսկին

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր մեկնաբանել է ՀՀԿ-ի՝ իր հասցեին հնչեցրած քննադատությունը։

 

«Վերջին շրջանում մենք շատ հաղորդագրություններ ենք ստացել, որոնք ապացուցում են, որ Հայաստանում շատ մարդիկ հավատում են մեզ եւ որ ԵՄ-ն այստեղ լավ գործ է անում։ Սովորաբար հայերն են մեզ դիմել աջակցության համար, այս անգամ, սակայն, նրանք էին մեզ իրենց աջակցությունը առաջարկում։ Հայերի նման արձագանքն է մեզ մոտիվացնում լավ աշխատել։ Իհարկե, մենք համեստորեն ընդունում ենք, որ կան մարդիկ, որոնք չեն հասկանում կամ չեն ցանկանում հասկանալ, թե մենք ինչ ենք ուզում ասել կամ անել, բայց մեզ համար շատ կարեւոր են մի քանի հազար շարքային հայերի մեզ ուղղված համերաշխության կոչերը», - ասել է դեսպանը։

 

«Հանրային քննարկումներում շատ կարեւոր է հետեւել մի քանի հիմնական կանոնների։ Առաջինը՝ մինչեւ ինչ-որ մեկին «հարձակման» ենթարկելը (attack), ստուգիր սկզբնաղբյուրը եւ մտածիր՝ եզրակացություններ անելուց առաջ։ Երկրորդ՝ հարգիր զրուցակցիդ։ Սրանք են հայերին ուղղված իմ առաջարկությունները։

 

Ինչ վերաբերում է իմ դերին, ապա իշխանություններին ուղերձներ չեմ հղի հանրային հայտարարությունների միջոցով, քանի որ դրա կարիքը չունեմ։ Մենք ունենք շատ լավ աշխատանքային հարաբերություններ եւ հաղորդակցության ուղիներ։ Հանրային հայտարարությունները հանրային կարծիք ձեւավորելու համար է, ասելու, թե մենք ինչ ենք անում եւ ասում՝ որպես ԵՄ։ Ուզում եմ շեշտել, որ մինչ օրս իմ կողմից արտահայտած ոչ մի գնահատական, տեսակետ անհայտ չի եղել Հայաստանի իշխանության ներկայացուցիչների համար։

 

Ցանկանում եմ պարզապես հաստատել, որ Եվրոպական միությունը ավելի քան 7 մլն եվրո է հատկացրել Հայաստանին՝ ընտրական գործընթացները կազմակերպելու համար: Ընդգծում եմ՝ մենք դա արել ենք Հայաստանի իշխանությունների խնդրանքով։ Եթե մեր աջակցությունը այլեւս չի ողջունվում, մենք մեզ չենք պարտադրի դա անել։ Մենք կարծում ենք, որ այն ամենն, ինչ արել ենք Հայաստանի համար, դա լավ է, եւ մեր աջակցության շնորհիվ որոշ բարելավումներ կատարվել են։

 

Մենք՝ որպես Եվրոպական միություն, ոչ միայն իրավունք ունենք, այլեւ պարտավոր ենք բարձրաձայնել կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների, օրենքի գերակայությանը վերաբերող խնդիրների մասին։ Մեր հայ գործընկերները միշտ դա ընդունել են»։

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին