Երեւան: Մեդիամաքս: Վաղը Երեւանում մեկնարկելու են 2017-2020 թթ. համար Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրվելիք Միասնական աջակցության շրջանակի շուրջ բանակցությունները:
Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն՝ այսօր ելույթ ունենալով Քիշնեւում ընթացող Արեւելյան գործընկերության մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը:
«Կան նաեւ որոշ առկախ հարցեր, որոնցից մեկին կցանկանայի անդրադառնալ՝ մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին: Շարժունակությունն ու մարդկանց միջեւ շփումները, որոնք ընկած էին Արեւելյան գործընկերության հիմքում, պետք է շարունակեն մնալ որպես այդպիսին»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը:
Անդրադառնալով նոյեմբերին Բրյուսելում նախապատրաստվող Արեւելյան գործընկերության գագաթաժողովին՝ ԱԳ նախարարը կարեւորել է Եզրափակիչ հռչակագրի նախագծի մշակումը:
«Հայաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալու այնպիսի մի փաստաթղթի մշակմանը, որը կարտացոլի համագործակցության իրական էությունը եւ կուղղորդի գալիք տարիների մեր ջանքերը: Ռիգայի հռչակագրի համաձայնեցված լեզուն կարող է հիմք ծառայել խնդրահարույց հարցերը հաղթահարելու համար: Կիսում եմ այն գործընկերների կարծիքը, ովքեր համոզված են, որ կարիք չկա բարդացնելու գալիք գագաթաժողովի մթնոլորտը այնպիսի խնդիրներով, որոնք, բոլորս էլ գիտենք, որ կարող են արգելակել կոնսենսուսի կայացումը»,- հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը:
Նախարարը վերահաստատել է, որ Հայաստանը նպատակադրված է շարունակելու բարեփոխումները:
«Եվրոպական միությունը եղել եւ մնում է մեր վստահելի գործընկերն այս գործընթացներում։ Հայաստանը բարձր է գնահատում Եվրոպական միության հետ գործընկերությունը եւ ակնկալում է ապագա արդյունավետ համագործակցություն»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: