Սարգսյանն ու Ռոհանին հեռանկարային նախագծեր են քննարկել - Mediamax.am

19606 դիտում

Սարգսյանն ու Ռոհանին հեռանկարային նախագծեր են քննարկել


Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ Իրանը բարձր է գնահատում «իր լավ հարեւան Հայաստանի նախագահի ներկայությունն իր երդմնակալության արարողությանը»:

Հասան Ռոհանին հույս է հայտնել նաեւ, որ Սերժ Սարգսյանի այցը Թեհրան նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ու զարգացմանը:

 

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հայ-իրանական տնտեսական հարաբերություններում առկա է մեծ ներուժ, որի արդյունավետ օգտագործման ուղղությամբ անհրաժեշտ է շարունակել հետեւողական աշխատանքը:

 

Նախագահները կարեւորել են մի շարք ոլորտներում իրականացվող խոշոր ծրագրերն ու նոր եւ հեռանկարային նախագծերի իրականացումը: Անդրադարձ է եղել Հայաստանի եւ Իրանի տարածքներով Պարսից ծոցը Սեւ ծովի հետ կապող միջազգային տրանսպորտային եւ տարանցիկ ուղիների օգտագործման կարեւորությանը, ինչպես նաեւ կարեւորվել է էներգետիկայի ոլորտում եռակողմ` Իրան-Հայաստան-Թուրքմենստան ձեւաչափով համագործակցության զարգացումը:

 

Սերժ Սարգսյանն ու Հասան Ռոհանին կարեւորել են Իրանի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները: Իրանի նախագահը նշել է, որ մինչ այժմ այդ ուղղությամբ զգալի քայլեր են իրականացվել եւ ընդգծել է, որ մոտ ապագայում համաձայնագրի ստորագրումը բավական արդյունավետ կլինի:

 

Հասան Ռոհանին բարձր է գնահատել նաեւ Հայաստանի նախաձեռնած՝ երկու երկրների միջեւ ելքի եւ մուտքի արտոնագրերի չեղարկումը, որը գործարար կապերի ընդլայնման եւ զբոսաշրջության խթանման տեսանկյունից արդյունավետ քայլ էր:

 

Անդրադառնալով ԼՂ խնդրին՝ Իրանի նախագահն ասել է, որ հակամարտության լուծումը կարող է լինել բացառապես քաղաքական ճանապարհով եւ իր երկրի համար կարեւոր է տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին