ԱՄՆ դեսպանը ողջունել է ՀՀ վարչապետի հակակոռուպցիոն ջանքերը - Mediamax.am

17938 դիտում

ԱՄՆ դեսպանը ողջունել է ՀՀ վարչապետի հակակոռուպցիոն ջանքերը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ ողջունել է կառավարության ջանքերը կոռուպցիայի դեմ պայքարի եւ բիզնես միջավայրի բարելավմանն ուղղությամբ:

«Ես ջերմորեն ողջունում եմ  կոռուպցիայի դեմ պայքարին եւ բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված Ձեր ջանքերը, որոնք հանգեցրել են Հայաստանի նկատմամբ ամերիկյան ընկերությունների ու ներդրողների հետաքրքրության մեծացմանը: Մենք շարունակում ենք դիտարկել ուղիներ, որոնցով կարող ենք աջակցել Ձեր ջանքերին եւ խորացնել երկկողմ առեւտուրն ու ներդրումները. մենք ջանում ենք գտնել դա անելու լավագույն ուղիները, այդ թվում՝ Հակակոռուպցիոն խորհրդին աջակցելու ամենաարդյունավետ ուղին», - ԱՄՆ դեսպանի խոսքերը մեջբերել է կառավարության մամուլի ծառայությունը:

 

Ռիչարդ Միլսն ասել է, որ Հայաստանում գործող ամերիկյան ընկերություններից վերջին շրջանում շատ դրական ազդակներ է ստացել Պետական եկամուտների կոմիտեի գործունեության հետ կապված:

 

Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին, ինչպես նաեւ ՊԵԿ-ի գործունեությանը՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ հաճելի է այս ոլորտներում կառավարության կողմից իրականացվող քայլերի մասին նման կարծիք լսել։

 

«Սակայն այս ուղղություններով դեռեւս շատ անելիքներ ունենք եւ բարեփոխումները կրելու են շարունակական բնույթ: Ունենք վճռականություն՝ գործարար միջավայրը բարելավելու, կոռուպցիայի դեմ պայքարելու հարցերում, քանի որ դա անհրաժեշտություն է տնտեսության զարգացման համար», - ընդգծել է վարչապետը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին