ԵԽԽՎ-ն կօգնի պահպանել «նոր Հայաստանի կառուցման տեմպը» - Mediamax.am

8278 դիտում

ԵԽԽՎ-ն կօգնի պահպանել «նոր Հայաստանի կառուցման տեմպը»


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի անդամներ, ԵԽԽՎ համազեկուցողներ Ալան Միլը եւ Ջուզեպպե Գալատին այսօր ասել են, որ Հայաստանը համապետական ընտրություններից հետո փոփոխությունների եւ զարգացումների հաջորդ փուլն է թեւակոխել:

Այս մասին համազեկուցողները նշել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը:

 

Կարեն Կարապետյանն էլ նշել է, որ Հայաստանը մեծ ճանապարհ է անցել օրենսդրական բարեփոխումների փաթեթների մշակման գործում:

 

«Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում բիզնես միջավայրին, արձանագրում ենք, որ վերջին մեկ տարում ունենք դրական արդյունքներ, բայց գիտենք նաեւ թույլ կետերը եւ աշխատում ենք դրանք վերացնելու ուղղությամբ»,- ասել է վարչապետը:

 

ԵԽԽՎ համազեկուցողները ողջունել են Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները:

 

«Կարելի է երկու բանի համար շնորհակալություն հայտնել՝ նախ, այն արժանապատիվ եւ լուրջ մոտեցման համար, որ ձեր երկիրը ցուցաբերում է Սիրիայից փախստականների, մասնավորապես, սփյուռքահայերի հոսքի առումով: Մենք երախտապարտ ենք դրա համար. դա օրինակ է, որից այլ ազգերը կարող են սովորել եւ որի վրա կարող են հիմնվել: Եվրոպայի խորհրդի անունից էլ շնորհակալ ենք ձեզ այն աշխատանքի համար, որը Եվրոպայում կատարում են ՀՀ դիվանագետներն ու ներկայացուցիչները, ԵԽԽՎ-ում ձեր պատվիրակությունը: Մենք կարող ենք հավաստիացնել, որ կշարունակենք օժանդակել ձեզ, որպեսզի ձեր երազած նոր Հայաստանը կառուցելու ճանապարհին այդ տեմպը պահպանեք»,- ասել է Ալան Միլը:

 

Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ Եվրոպայի խորհրդի հետ հարաբերությունները կշարունակվեն խորանալ՝ համաձայն Հայաստանի ստանձնած հանձնառությունների եւ քաղաքական պարտավորությունների:

 

«Դրանց աննախապայման իրականացումը կնպաստի երկրում ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ընդլայնմանը՝ որպես կայուն բաղադրիչներ մեր անվտանգության եւ կայուն զարգացման համար»,- ասել է վարչապետը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին