Արմեն Աշոտյան. 2017-ը արտաքին քաղաքական ոլորտում հաջող տարի էր - Mediamax.am

19291 դիտում

Արմեն Աշոտյան. 2017-ը արտաքին քաղաքական ոլորտում հաջող տարի էր


Արմեն Աշոտյանը
Արմեն Աշոտյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը 2017-ը հաջողված տարի է համարում Հայաստանի արտաքին քաղաքական գերակայությունների կատարման առումով։

«Մեզ հաջողվեց առաջ տանել Հայաստանի ազգային եւ պետական շահերից բխող օրակարգը, ամրապնդել եւ խորացնել Հայաստանի դիրքերը եղած ձեւաչափերում, ինչպես նաեւ հաստատել հարաբերություններ նոր գործընկերների հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Արմեն Աշոտյանը։

 

Նրա խոսքով՝ 2017-ը անվտանգային համակարգերի ամրապնդման տարի էր, որում արտաքին դիվանագիտությունը կարեւոր դերակատարություն է ունեցել՝ միջազգային ատյաններում մի շարք բանաձեւերի ընդունմամբ եւ Ռուսաստանի հետ կնքված պայմանագրերով:

 

«2017թ. նոր համաձայնագրի ստորագրմամբ՝ Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները նոր փուլ թեւակոխեցին։ Կարծում եմ՝ Եվրամիության հետ մեր հարաբերությունների համատեքստում գալիք տարին պետք է դառնա ԵՄ անդամ երկրների կողմից պայմանագրի վավերացումների շքերթի տարի»,- ասել է նա։

 

Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ Հայաստանն անցնող տարում զարգացրել է իր դիվանագիտական հարաբերությունները Չինաստանի հետ, որոշակի բարձր մակարդակի վրա են բերվել նաեւ կապերը Իրանի եւ Իսրայելի հետ, որոնք, սակայն, դեռ զարգացնելու մեծ ներուժ կա։

 

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Արմեն Աշոտյանը նշել է, որ այս հարցը քաղաքական, դիվանագիտական եւ տնտեսական ամբողջական փակուղում է։ Նա հիշեցրել է, որ 2018թ. գարնանից սկսած՝ հայ-թուրքական արձանագրություններն այլեւս քաղաքական օրակարգի մաս չեն լինելու։

 

2018թ. մեծ ուշադրություն է դարձվելու Մերձավոր Արեւելքի երկրների, ինչպես նաեւ Ասիական տարածաշրջանի հետ հարաբերութունների խորացմանը։

 

Գերակայությունների թվում է լինելու նաեւ հայ-ամերիկյան կապերի զարգացումը, ասել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին