14444 դիտում

«Գաղտնիքը միայն Քարթլոսի եւ Հայոսի լեգենդար եղբայրությունը չէ»


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերահաստատել է բարեկամության, փոխըմբռնման եւ ներդաշնակության ոգով Վրաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը:

Նախագահն այդ մասին ասել է դեկտեմբերի 25-ին Թբիլիսիում՝ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ հանդիպումից հետո:

«Մենք քննարկեցինք հարավկովկասյան տարածաշրջանային անվտանգության եւ կայունության հարցերը: Այս համատեքստում կարեւորեցինք միմյանց համար զգայուն հարցերի նկատմամբ հավասարակշռված եւ կառուցողական մոտեցումների պահպանումը: Մենք միակարծիք ենք, որ հակամարտությունների համապարփակ եւ երկարաժամկետ կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով՝ համաձայնեցված ձեւաչափերի շրջանակներում եւ միայն բանակցությունների միջոցով:

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Մեր բոլոր բանակցությունների ընթացքում մենք մշտապես ջանք ենք գործադրում ստանալ այնպիսի փաստաթղթեր, այնպիսի հայտարարություններ, բանաձեւեր, որոնք որեւէ կերպ չեն վնասում Վրաստանի շահերին: Կարծում եմ, որ եւ՛ հայկական կողմից, եւ՛ վրացական կողմից այսպիսի դիրքորոշման պահպանումը միայն ու միայն օգուտ կարող է բերել մեր ժողովուրդներին», - ասել է ՀՀ նախագահը:

Գիորգի Մարգվելաշվիլիի կողմից տրված պաշտոնական ընդունելության ժամանակ իր ելույթում Սերժ Սարգսյանն ասել է, որ «մենք յուրահատուկ ջերմությամբ ենք վերաբերում Վրաստանին ու վրացականին»:

«Այսօր մեր կենցաղի մաս են կազմում թե՛ վրացական կինոն, երգն ու պարը եւ թե՛ վրացական հացը, գինին եւ խոհանոցը», - նկատել է Հայաստանի ղեկավարը:

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Գիորգի Մարգվելաշվիլին իր ելույթում ասել է, որ «մեր բարեկամության գաղտնիքը միայն Քարթլոսի եւ Հայոսի լեգենդար եղբայրությունը չէ»:

«Մեր մշակույթը, արվեստը, բանահյուսությունը, ավանդույթները միմյանց հետ փոխշաղկապված են, իսկ պատմությունը հագեցած է փոխսատարման օրինակներով:
Ճիշտ դա է մեզ հնարավորություն տվել հաղթահարելու բազմաթիվ փորձություններ, միավորել է մեզ բազմաթիվ մարտահրավերիների դեմ եւ պահպանել տվել այն ինքնատիպությունը, ինչով այսչափ հպարտանում են մեր ժողովուրդները», - շեշտել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am