3689 դիտում

Լուկաշենկոն որոշել է «հոգ տանել» Հայաստանի մասին


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդես է եկել հերթական քննադատությամբ Ռուսաստանի հասցեին:

Ելույթ ունենալով Բելառուսի Անվտանգության խորհրդի նիստում, նա կշտամբել է Ռուսաստանին, որն, իր խոսքով, արդիականացնում է միայն իր բանակն ու նավատորմը՝ անտեսելով ՀԱՊԿ դաշնակիցներին:

«Մենք, ՀԱՊԿ մնացած անդամներս, փորձում ենք զինվել, արդիականացվել: Ամեն մեկն իր համար: Ռուսաստանի ղեկավարությունը լուրջ չի մոտենում այն հարցին, որ պետք է մեր համատեղ պաշտպանության առավել վտանգավոր ուղղություններում ամրապնդել ազգային զինված ուժերը՝ Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի: Եվ դա կարող է շատ ցավոտ հետեւանքներ ունենալ», - ասել է Լուկաշենկոն:

Մեդիամաքսը նշում է, որ վերջին տարիների ընթացքում Բելառուսի նախագահը բազմիցս արել է քայլեր, որոնք հարցականի տակ են դրել Հայաստանի հետ նրա դաշնակցային հարաբերությունները:


2017 թվականի մարտին Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանի հետ հանդիպմանը նա ասել էր.

«Լեռնային Ղարաբաղը մեր հարցը չէ: Մենք այնտեղ անելիք չունենք: Կան հակամարտող կողմեր, եւ նրանք էլ պետք է այդ հարցը լուծեն: Բայց ես ունեմ դիրքորոշում. մարդիկ արժանի են արժանապատիվ կյանք ունենալու: Չեմ հավատում, որ այսօր Լեռնային Ղարաբաղում մարդիկ լավ ու արժանապատիվ են ապրում: Դրա ի՞նչն է արժանապատիվ, եթե դու ամեն օր վախենում ես, որ գլխիդ կարող է մի բան ընկնել, եւ կյանքդ կավարտվի»:

2016 թվականի նոյեմբերի 28-ին Բաքվում Ադրբեջանի եւ Բելառուսի նախագահներ Իլհամ Ալիեւն ու Ալեքսանդր Լուկաշենկոն համատեղ հայտարարության էին ընդունել, որում, մասնավորապես, ասվում էր.

«Կողմերը կարեւորում են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը, որը պետք է համապատասխանի միջազգային իրավունքի նորմերին, առաջին հերթին՝ ինքնիշխանության ապահովման, տարածքային ամբողջականության եւ պետության սահմանների անխախտելիության սկզբունքներին, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերին եւ ԵԱՀԿ որոշումներին»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am