Հայաստանն ու Լիբանանը «կանգնած են միմյանց կողքին» - Mediamax.am

9047 դիտում

Հայաստանն ու Լիբանանը «կանգնած են միմյանց կողքին»


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Լիբանանի նախագահ Միշել Աունը «դրական եւ կառուցողական» է որակել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ Երեւանում կայացած բանակցությունները:

«Մեր հանդիպումն անցավ ջերմ ու բարեկամական մթնոլորտում, ինչն արտացոլում է մեզ միավորող մարդկային ամուր կապերը, հայ եւ լիբանանցի ժողովուրդների առանձնահատուկ հարաբերություններն ու հատկապես հայկական արմատներով մեծաթիվ լիբանանցիների առկայությունը: Այդ ներկայացուցիչներից շատերն այսօր ուղեկցում են ինձ՝ Լիբանանի կառավարության նախարարներ եւ պատգամավորներ»,- ասել է Միշել Աունը:

 

Լիբանանի նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Սերժ Սարգսյանին միջազգային ատյաններում Լիբանանի խնդիրների կողքին գտնվելու համար, եւ վստահեցրել, որ Լիբանանն իր հերթին կանգնած է Հայաստանի կողքին:

 

«Բանակցությունների ընթացքում անդրադարձանք Լիբանանին ուղղված իսրայելական սպառնալիքներին, որոնք առնչվում են բացառիկ տնտեսական գոտու նավթային մեր իրավունքներին, բաժանարար պատի կառուցմանը, որը հասնում է հարավային մեր սահմանին մոտ գտնվող վիճելի կետերին: Հաստատեցի, որ Լիբանանը պաշտպանել է իր ցամաքային ու ծովային սահմաններն օրինական բոլոր միջոցներով, եւ այդ գործում մենք ապավինում ենք միջազգային ընտանիքի մեր բարեկամներին՝ նրանցից ակնկալելով աջակցություն այդ սպառնալիքները դիմակայելու եւ իրավիճակը չսրելու խնդրում»,- ասել է Միշել Աունը:

 

Ինչ վերաբերում է Երուսաղեմի խնդրին, ապա ՀՀ նախագահն ասել է, որ ամենակարեւորը բանակցային գործընթացն է, եւ ուժի կիրառմամբ այդպիսի խնդիրները չեն կարող լուծվել:

 

«Հպարտ եմ, որ Հայաստանը կարողացել է իր համեստ ներդրումն ունենալ բարեկամ Լիբանանի կայունության եւ անվտանգության ապահովման գործում՝ երկրի հարավում տեղակայված՝ ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելությանը հայկական խաղաղապահների մասնակցությամբ»,- հավելել է ՀՀ նախագահը:

 

Միշել Աունն ընդունել է Սերժ Սարգսյանը հրավերը՝ աշնանը Հայաստան գալու եւ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին