Նալբանդյան. Խոջալուն օգտագործվում է որպես քարոզչական հնարք - Mediamax.am

5004 դիտում

Նալբանդյան. Խոջալուն օգտագործվում է որպես քարոզչական հնարք


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, անդրադառնալով Բաքվի եւ Անկարայի կողմից այսպես կոչված Խոջալուի դեպքերի քարոզչական արշավին, ասել է, որ «մեկ ժողովուրդ, երկու պետություն կարգախոսը դրսեւորվում է որպես մեկ քարոզչություն, երկու խոսափող»։

Նախարարը, պատասխանելով Tert.am-ի հարցմանը, նշել է, որ Խոջալուն օգտագործվում է որպես քարոզչական հնարք, որը հետապնդում է մի քանի նպատակ։

 

«Առաջին, ակնհայտ է, որ Անկարան ու Բաքուն հանդես են գալիս Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ։ Հայերի կողմից իրականացված բռնությունների մասին շինծու մեղադրանքներ տարածելով` փորձում են արդարացնել հարյուր տարի շարունակվող իրենց ժխտողական քաղաքականությունը, տարածվող կեղծիքը, թե իբր հայերը ոչ թե զոհն են, այլ` ոճրագործը:

 

Երկրորդ, աշխարհի տարբեր մասերում այս օրերին ոգեկոչվում է սումգայիթյան ջարդերի 30-րդ տարելիցը եւ այդ հանցագործության զոհ դարձած հայերի հիշատակը։ Այս առումով Բաքվի եւ Անկարայի ամպագոռգոռ համատեղ քայլերի նպատակը ստվերելն է այդ տարելիցի ոգեկոչմանը նվիրված միջոցառումների միջազգային հնչեղությունը։

 

Բաքուն օգտվում է ժխտողական քաղաքականության մեջ բազմափորձ Թուրքիայից, որպես ուղեցույց վերցնելով 2015թ. ապրիլի 24-ին Գալիպոլիի միջոցառումների կազմակերպման թուրքական փորձը, որն ուղղված էր Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի ոգեկոչումից միջազգային ուշադրությունը շեղելուն։

 

Երրորդ, Բաքուն, հետեւելով Անկարայի օրինակին, իր հերթին փորձում է ընդունել զոհի կերպար, թե իբր իր ժողովրդի նկատմամբ կիրառվել է բռնություն, հալածանք, այսինքն ինքը տուժող կողմն է։ Այս ռազմավարությունը Բաքվի կարծիքով իրեն դիվիդենտներ կարող է բերել։

 

Չորրորդ, Ադրբեջանը փորձում է ուշադրությունը շեղել եւ պատասխանատվությունից խուսափել իր կողմից իրականացված հայերի կոտորածներից` ոչ միայն Սումգայիթում, այլ նաեւ Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում եւ այլուր։

 

Հինգերորդ, Ադրբեջանի իշխանությունները նպատակաուղղված հակահայկական քարոզչություն են իրականացնում, ռադիկալացնում են իրենց հասարակությանը, փորձելով այն միավորել այսպես կոչված թշնամու դեմ պայքարում»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը:

 

Նրա խոսքով՝ «Բաքուն միլիոններ է ծախսում այս բազմաշերտ քարոզչության նպատակով, բայց նույնիսկ այդ բազմաթիվ շերտերի տակ էլ հնարավոր չէ թաքցնել իրականությունը»։

 

«Նույնիսկ Խոջալու անունը, որը տրվել է քարոզչական այս ալիքին, չի համապատասխանում իրականությանը, քանի որ Խոջալուի բնակիչները, օգտվելով մարդասիրական միջանցքից, հեռացան բնակավայրից մի քանի կիլոմետրերի հեռավորությամբ ադրբեջանական զինված խմբավորումների վերահսկողության տակ գտնվող Աղդամի շրջան, որտեղ եւ սպանվեցին»,- ասել է նախարարը:

 

«Ադրբեջանի փորձերը՝ խուսափելու պատասխանատվությունից, ապարդյուն են, ուշ թե շուտ նրանք պատասխանատվություն են կրելու»,- հավելել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին