Հայաստանին տրամադրվող ԱՄՆ աջակցության մակարդակը կպահպանվի - Mediamax.am

6949 դիտում

Հայաստանին տրամադրվող ԱՄՆ աջակցության մակարդակը կպահպանվի


Ռիչարդ Միլսը
Ռիչարդ Միլսը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանին տրամադրվող ամերիկյան արտաքին աջակցության լիարժեք մակարդակը կպահպանվի:

Այդ մասին ասվում է ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:

 

«Նախագահ Թրամփի կողմից այս ամիս ավելի վաղ ստորագրած բյուջեի մասին օրենքում արտաքին աջակցության ֆինանսավորման չափը նախորդ տարվա համեմատ չի փոխվել, ինչը դրականորեն մատնանշում է, որ Հայաստանին տրամադրվող արտաքին աջակցության լիարժեք մակարդակը կպահպանվի: Մենք Հայաստանի կառավարությանը եւ քաղաքացիներին տեղյակ կպահենք միջոցների բաշխման շուրջ Վաշինգտոնում ընթացքող քննարկումների ընթացքի մասին», - ասված է փաստաթղթում:

 

«Վերջերս տեղ գտած հրապարակումներն այն մասին, թե այս բյուջեով Հայաստանին արտաքին աջակցություն չի տրամադրվում, սխալ են եւ դրանց հիմքում ԱՄՆ բյուջետային գործընթացի վերաբերյալ թյուընկալումներն են: Հայաստանին ուղղվող ֆինանսավորման չափը Կոնգրեսը նպատակային մասհանման տեսքով չի պահանջել, բայց դա այդպես է արդեն մի քանի տարի:  Նպատակային մասհանման բացակայությունը Հայաստանի մասով չի նշանակում, որ Հայաստանը արտաքին աջակցություն չի ստանալու: Եվրոպայի եւ Եվրասիայի արտաքին աջակցության միջոցների բաշխումը, այդ թվում  Հայաստանին հատկացվող ֆինանսավորման չափը եւ ֆինանսավորվելիք ծրագրերը ներկայումս քննարկվում են ԱՄՆ պետքարտուղարությունում եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությոնում», - նշել են դեսպանությունում:

 

Դեսպանությունը նաեւ նշել է, որ Հայաստանին հատկացվող ԱՄՆ արտաքին աջակցությունը վերջին տարիներին ավելացել է եւ 2017թ. այն կազմել է շուրջ 23 միլիոն ԱՄՆ դոլար:

 

Այս պահի դրությամբ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը Հայաստանում իրականացնում է 28 տարբեր ծրագրեր, որոնց ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 70 միլիոն ԱՄՆ դոլար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին