Հայ-ամերիկյան «ռոմանտիկ» կապերը պետք է ավելի պրակտիկ դառնան - Mediamax.am

7060 դիտում

Հայ-ամերիկյան «ռոմանտիկ» կապերը պետք է ավելի պրակտիկ դառնան


Գրիգոր Հովհաննիսյանը
Գրիգոր Հովհաննիսյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանն ասել է, որ «երկու երկրների հարաբերությունները շատ ընկերական, ջերմ ու մի փոքր ռոմանտիկ են»:

Այս մասին դեսպանն ասել է «This is America & the world» հաղորդմանը տված հարցազրույցում, որում խոսել է Հայաստանի պատմության եւ մշակույթի, արտաքին քաղաքականության, ինչպես նաեւ երկրի սահմաններից դուրս ապրող բազմաթիվ հայերի մասին:

 

Գրիգոր Հովհաննիսյանն ասել է, որ ԱՄՆ-ը մի երկիր է, որը կարեւոր է եղել հայերի՝ որպես ազգ գոյատեւման համար:

 

«Այս երկիրը շատ առատաձեռն է եղել նորանկախ Հայաստանի Հանրապետության համար: Շատ ներդրումներ Հայաստան են գալիս ԱՄՆ-ից: Մենք նույն արժեքներն ենք դավանում: Մենք աշխարհի մեր մասում ներկայացնում ենք արեւմտյան քաղաքակրթությունը: Միացյալ Նահանգները` առեւտրի ազատականության, փոխանակման, կրթության գաղափարներով, շատ գրավիչ է մեզ համար»,- ասել է դեսպանը: 

 

Նա նկատել է, որ Հայաստանի տնտեսության շարժիչ ուժը տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաներն են, կարեւոր դեր ունեն գյուղատնտեսությունը, հանքարդյունաբերությունը:

 

«Մենք մեծապես կենտրոնանում ենք գիտելիքների վրա հիմնված տնտեսության զարգացման վրա»,- ասել է նա:

 

Խոսելով իր առաքելությունը եւ առաջնահերթությունների մասին, Հայաստանի դեսպանն ասել է.

 

«Մեր ակնկալիքներն ու ընկալումները շատ ռոմանտիկ են, ես ցանկանում եմ, որ դրանք ավելի պրակտիկ լինեն: Հայաստանի հետ համեմատ ԱՄՆ-ն սոսկ երկիր չէ, այն տիեզերք է: Որպես փոքր տնտեսությամբ փոքր երկիր՝ մենք պետք է եզրեր գտնենք ռազմավարական տեսանկյունից փոխգործակցելու համար: Առաքելությունը մեծ է, մենք ցանկանում ենք աշխատել գիտնականների, խոշոր գիտական կենտրոնների, Սիլիկոնյան հովտի, ներդրումային համայնքի հետ»:

 

Ըստ դեսպանի՝ հաջորդ մակարդակում հարաբերությունները պետք է ավելի ինտենսիվ լինեն տնտեսական համագործակցության, ինչպես նաեւ անվտանգության հարցերում: Նա հիշեցրել է, որ Հայաստանը շատ սերտ համագործակցում է ԱՄՆ-ի հետ խաղաղապահ առաքելություններում:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին